04-10-2014 14:19

Մեր դատարաններն ու դատավորները կամակատարներ են.փաստաբան

«Սեպտեմբերի 16-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած կալանավոր Սուրեն Գաբրիելյանը երեկ առավոտյան ձերբակալվել է Վրաստանի հանրապետությունում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց նրա փաստաբան Հակոբ Ճարոյանը: Փաստաբանն ընդգծեց, որ Սուրեն Գաբրիելյանի փախուստի պատճառը կապված է նրա առողջության հետ, նա նպատակ չի ունեցել խուսափել պատժից, իրեն մեղավոր չի ճանաչել և չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Նշենք, որ Ս. Գաբրիելյանը մեղադրվում է խարդախության, փողերի լվացման և փաստաթղթեր կեղծելու մեջ: «Սուրեն Գարբրիելյանը կալանավորվել է 1 տարի առաջ և մինչև փախուստը գտնվել է անազատության մեջ: որ 30.04.2014թ. նախաքննական մարմնին միջնորդություն եմ ներկայացրել քննիչն՝ որոշում կայացնել Սուրեն Գաբրելյանի նկատմամբ համալիր դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Փորձաքննություն նշանակելու միջնորդությունը ներկայացրել է այն պատճառով, որպեսզի պարզեն՝ արդյոք Սուրեն Գաբրիելյանը տառապո՞ւմ է հիվանդությամբ, որն ընդգրկված է կառավարության համապատասխան որոշման հավելվածում՝ «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում» »,-ասաց Հակոբ Ճարոյանը: Բանախոսի խոսքով՝ Սուրեն Գաբրիելյանը տառապում է լյարդի ցեռոզ հիվանդությամբ: «Իրականում կա նաև եզրակացություն, որ ՀՀ-ում դա հնարավոր չէ բուժել, պետք է կատարվի լյարդի փոխպատվաստում, որը մեր երկրում հնարավոր չէ: Դրանից հետո անմիջապես ես դիմում եմ գլխավոր դատախազին հետևյալ խնդրանքներով՝ կայացնել որոշում կալանավոր Սուրեն Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու՝ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կամ՝ ստորագրություն չհեռանալու մասին, կամ՝ անձնական երաշխավորություն կիրառելու մասին, հանձնարարել, որ քննչական խմբի ղեկավարը կայացնի որոշում՝ Սուրեն Գաբրիելյանին ժամանակավորապես Շվեյցարիայի Համադաշնություն մեկնել թույլատրելու մասին անհրաժեշտ բուժում ստանալու եւ լյադրի փոխպատվասումն իրականացնելու համար»,- ասաց Հակոբ Ճարոյանը: Փաստաբանի խոսքով՝ իր միջնորդությունը մերժելու մասին որոշման մեջ դատախազը նաև նշել է, որ հիվանդության պատճառով Սուրեն Գաբրիելյանի խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության հարցը պարզելու համար վարույթն իրականացնող նախաքննական մարմնին ցուցում է տրվել ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում հանձնաժողովային կարգով դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ: Արդյունքում, փաստաբանի խոսքով, սեպտեմբերի 16-ին Սուրեն Գաբրիելյանը փախուստի է դիմել: «Փորձաքննությունների եզրակացությունների ուսումնասիրությունից պարզվում է, որ Սուրեն Գաբրիելյանի մոտ առկա հիվանդություններն ընդգրկված են ՀՀ կառավարության «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու եւ այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» 26.05.2006թ. թիվ 825-Ն որոշման թիվ 2-րդ հավելվածի «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների» ցանկում: Նշենք, որ Ս. Գ-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Առաջիկա մի քանի օրվա մեջ Հակոբ Ճարոյանը կմեկնի Վրաստան միանալու Ս.Գ-ին:

News.gisher.ru-ի այն հարցին թե ինչով է պայմնավորված փաստաբանի մի քանի միջնորդությունների անհիմն մերժումները, Հակոբ Ճարոյանը պատասխանեց. «Պաշտպանյալիս գործն ու պահվածքը ևս մեկ անագամ ապացուցում են, որ մեր դատարաններն ու դատավորները կամակատարներ են և ի զորու չեն արդարացի որոշումներ կայացնելու»,-եզրափակեց բանախոսը: