09-10-2014 12:49

Գյուղի երիտասարդները գումարի պատճառով չեն կարողանում ամուսնանալ

Սոցիալական խնդիրներն ամենուր են. լինի քաղաք, թե գյուղ, այսօր մարդիկ ունեն ֆինանսական խնդիրներ: 30-ամյա Արտակն ապրում է Մուղնի գյուղում, դպրոցն ավարտելուց հետո զբաղվում է գյուղի գործերով. ՛՛Ի՞նչ ուսում, ժամանակ չկա, դպրոցը մի կերպ ավարտեցի ու ընկա հոգսերի մեջ՛՛,-News.gisher.ru-ի հետ զրույցում պատմեց Արտակը:
Նա մեզ հետ կիսվեց իր մանկության տարիներով, հիշելով, թե ինչպես կորցրեց հորը.՛՛ Դաժան էր, հերս մեռավ արևի տակ, ճռռալով աշխատելու պահին, սիրտը կանգնել էր, ու ահավորն են էր, որ 2 օր չենք իմացել որտեղա, հետո արտում ենք գտնում: Ետ ժամանակ ես 15 տարեկան էի: Ու պատկերացրեք, հերս մեռնումա ու մամայիս, 4 քրերիս և տատիիս հոգսը իմ վրայա մնում՛՛,-պատմեց Արտակը ու հավելեց, որ վաղուց մոռացել է կին բերելու և երեխաներ ունենալու մասին:
News.gisher.ru-ին նա պատմեց, թե ինչպես է սիրել մի աղջկա.՛՛ Նա Երևանից էր, սև երկար մազերով, շատ սիրուն, բայց դե աղջիկը պետքա մենակ սիրունությանը զոռ չտա էլի, բնավորությունը վատն էր: Որ իմացավ գյուղի տղա եմ նենց ինձ արհամարհեց, որ մինչև հիմա սիրտս ցավումա վիրավորանքից՛՛:
Արտակը պատմում էր, թե ինչպես է տառապել անպատասխան սիրուց, նսեմացել զուտ այն բանի համար, որ իրեն չեն սիրում, քանի որ գյուղից է ու ֆինանսապես անապահով:
՛՛Նրա անունը Անի էր, 5 տարի ինձնից փոքր էր, պատկերացրեք մի օր կանգնեք ինձ ասեց, որ հարուստ տղու հետա կյանքը կապել, մի բան էր քմծիծաղ տվեց, թե ես ուր, ետ տղեն ուր՛՛,-պատմեց Արտակը:


Այսօր, այս երիտասարդ տղան քրտնաջան աշխատում է, ամուսնացրել է չորս քույրերից երեքին, օժիտ է տվել, բայց երբ խոսում ես իր ամուսնությունից կտրականապես մերժում է և արգելում այդ թեմայով խոսել.՛՛Ես երևի չամուսնանամ, եթե երկու տարի առաջ հարցնեիք, կասեի՝ ֆինանս չունեմ, բայց էսօր ասում եմ՝ լավ աղջիկ չկա՛՛:
Արտակն ապրում է մեկ հարկանի երկու սենյականոց տան մեջ, առաջին իսկ հայացքից զգացվում է, որ սոցիալական պայմանները ծանր են , բացի այդ, պարզից էլ պարզ է, որ նա խուսափում է կին բերելուց, քանի որ տունը փոքր է: Նա ամեն օր հող է մշակում, անասուն պահում, երեկոյան գալիս է տուն և հոգնածությունից չի կարողանում անգամ ընտանիքի հետ շփվել:
News.gisher.ru-ի հետ զրուցեց նաև Արտակի մայրը՝ տիկին Լիդան: 60-ամյա այս կինը մի երազանք ունի. տղային ամուսնացնել ու երեք թոռ ունենալ.՛՛Գյուղում կյանքը դժվար է, տանը մենակ տղասա աշխատում , ես գիտեմ ինչի չի ամուսնանում, տունը փոքրա, նեղվածք, հազիվ ենք ծերը ծերին հասցնում: Մշակում-մշակում ենք, մեկ էլ կարկուտա գալիս ու ամբողջը ջուրը լցնում, պարտքեր էլ ունենք, Արտակիս ուսին վարկա դրած, իսկ պետությունը չի էլ աջակցում, սերմնացու է տալիս, պարզվում է շատ վատ որակի է՛՛,-պատմեց Արտակի մայրը ու հավելեց, որ տղան ուզի-չուզի՝ մինչև Նոր տարի պետք է ամուսնանա:
Արտակը մոր երազանքը լսելով, ժպտաց ու ասաց. ՛՛Դե լավ մամ ջան, ավելի շատ կաշխատեմ, կնիկ կբերեմ, քեզ թոռներից կարոտով չեմ թողնի՛՛:


Սյուզի Ասատրյան