Բավ է պառակտվել
17-05-2014 11:30

Գյումրիում մեկնարկեց ՛՛Եվրոպայի օր՛՛ ծրագիրը

Գյումիրում, այսօր՝ մայիսի 17-ին, մեկնարկում է ՛՛Եվրոպայի օր՛՛ ծրագիրը: Այդ նպատակով Գյումրի են ժամանել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան, Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլին, Շվեդիայի Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարտինա Քուիկը, Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Ամիաս Մուրզը, Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը, Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը:

Նրանց ընդունել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Հանդիպման մեկնարկին քաղաքապետը նախ շնորհակալություն է հայտնել բարձրաստիճան հյուրերին «Եվրոպայի օր» ծրագրի մեկնարկը Գյումրիից տալու համար, ապա հակիրճ ներկայացրել քաղաքի սոցիալական, քաղաքաշինական, մշակութային եւ մարզական ընդհանուր վիճակը, կատարված եւ նախանշված աշխատանքները: Քաղաքապետը կարեւորել է նաեւ եվրոպական տարբեր երկրների քաղաքների եւ Գյումրիի միջեւ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը՝ փաստելով, որ հանրապետության երկրորդ քաղաքն արդեն ունի նման փորձ Ֆրանսիայի, Լեհաստանի եւ Հունաստանի քաղաքների հետ:

Իրենց հերթին դեսպանները շնորհակալություն են հայտնել քաղաքապետից «Եվրոպայի օր» ծրագրի անցկացմանը ցուցաբերած աջակցության համար, ապա կողմերը մտքեր փոխանակեցին հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: