Բավ է պառակտվել
24-05-2016 17:04

Գյումրին փրկվեց տորնադոյից

Եթե Երևանում ուժեղ քամին ծառեր է ջարդել, ապա Գյումրիում այն սպառնում էր վերածվել տորնադոյի։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը

Երևանում ավերածություններ գործած քամին անսպասելի չէ, բայց սպասվածից ուժեղ էր։ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ կանխատեսված 17-20 մետր վայրկյանի փոխարեն քամու ուժգնացումը երեկ մայրաքաղաքում հասել է 25-26 մետրի։

Ամենաուժեղ քամին երեկ գրանցվել է Դավիթաշենում`26 մետր վայրկյանում։ Վայրկյանում 25 մետրի հասնող քամիներ են գրանցվել նաև Աշտարակում և Գավառում, որտեղ ևս ավերածություններ են եղելել։ Իսկ Գյումրին հազիվ է խուսափել տորնադոյից։

«Գյումրիում ձևավորվել է հզոր կույտ անձրևային ամպամածության գոյացություն, որը հասել է այն վիճակի, որ եթե մի փոքր էլ`2-3% զարգացում գնար, հզոր տորնադո էր ձևավորվելու։ Բայց, բարեբախտաբար, ամպը բեռնաթափվել է, և տորնադո չի ձևավորվել»,- ասաց Գագիկ Սուրենյանը։
Մի շարք գյուղերում էլ երեկ անձրևի փոխարեն կարկուտ է տեղացել։ Դե իսկ վատ եղանակը, ինչպես հայտնեց Սուրենյանը, Հայաստան դեռ նոր է եկել և չի շտապում հեռանալ։
«Մայիսի 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին, 30-ին հանրապետության տարածքին դարձյալ մոտենում է հերթական ցիկլոնը։ Բայց այս պրոցեսի առանձնահատկությունն այն է, որ ցերեկը կլինի առավելապես արևառատ, տաք եղանակ և միայն երեկոյան ժամերին սպասվում են անձրևներ, ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` առանձին հատվածներում` 20-25 մետր վայրկյան արագությամբ, և առանձին հատվածներում բավականին մեծ է կարկտահարման վտանգը»,- ասաց Գագիկ Սուրենյանը։
Կարկուտներից բացի, մինչև մայիսի վերջը Հայաստանին նաև ուժեղ քամիներն են սպառնում։ Բայց ոչ այնքան ուժեղ, որքան երեկ։
Իսկ հունիսին և՛օդի ջերմաստիճանը, և՛ տեղումների քանակը նորմայի սահմաններում է կանխատեսվում։ Եվ, քանի որ այդ նորման բավականին բարձր է, անձրևներն ու կարկուտները հունիսին կրկին շատ են լինելու։