19-05-2016 07:27

Գյումրին կհյուրընկալի Հռոմի պապին ու հազարավոր ուխտավորներին

Գյումրին պատրաստվում է հյուրընկալել Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինին, հազարավոր ուխտավորներին ու մեծաթիվ կարդինալներին

Նորին Սրբություն Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան սիրո ու ուշադրության գեղեցիկ դրսևորում է: Այս մասին մայիսի 18-ին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ կաթողիկե առաջնորդարանում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեցին Գյումրու Հայ կաթողիկե եկեղեցիների ժողովրդապետ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանն ու առաջնորդարանի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տեր Հովսեփ քահանա Գալստյանը:

«Ըստ ժամանակացույցի՝ Երևանի հրապարակում նախատեսված է աղոթք խաղաղության համար: Պապը ժողովրդին իր պատգամը հղելու մի քանի առիթ է ունենալու նաև պատարագի ընթացքում, որը մեծ ազդեցություն է ունենում ժողովրդի վրա: Որպես հզորագույն մունետիկ, աշխարհի խղճի ձայն, Պապի այցը, չենք բացառում, որ կարող է ունենալ շատ հեռու գնացող արդյունքներ, ու նաև պետք է հաշվի առնենք, որ Հայաստան կատարած այցից մի քանի ամիս անց՝ սեպտեմբերին, Պապն այցելելու է Ադրբեջան, ու հնարավոր է՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ տարվող ջանքերը Պապի այցի շնորհիվ թևակոխեն նաև այլ փուլ»,- նշեց առաջնորդարանի տեղեկատվական համակարգի պատասխանատու Տ. Հովսեփ քահանա Գալստյանը:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ Սրբազան Քահանայապետը պատարագ մատուցելու համար Գյումրին է ընտրել, Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը նշեց, որ Սրբազան Քահանայապետը ցանկացել է լինել այն վայրում, որտեղ ամենամեծ կաթողիկե համայնքն է: Բացի այդ, Գյումրու «Սրբոց նահատակաց» եկեղեցին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդանիստ եկեղեցին է: Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթողիկեների առաջնորդությունը (կամ թեմը) ձևավորվել է 1991թ. Հռոմի Սրբազան պապ Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի կողմից և գտնվում է նրա հովանու ներքո՝ Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի հոգևոր առաջնորդությամբ: Առաջնորդության ներկայիս գլուխն է Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:

Գյումրու «Վարդանանց» հրապարակում առաջիկայում կմեկնարկեն Հռոմի պապի ձեռամբ մատուցվող Սուրբ և Անմահ Պատարագի համար բեմի տեղադրման աշխատանքները: Նախագծման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:
Թեև այցի ժամանակացույցն արդեն հրապարակվել է, սակայն ծրագրային շեղումների մասին այս պահին խոսել հնարավոր չէ:
«Դա միայն Հռոմի պապն ինքն ու Աստված գիտի»,- նշեց Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը:
Պատարագին մասնակցությունը կլինի հրավիրատոմսերով: Նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել Սրբազան Քահանայապետի պատարագին, պետք է մինչև մայիսի 25-ը դիմեն Հայ Կաթողիկե առաջնորդարան: Պատարագին նախատեսվում է 15-25 հազար մարդու ներկայություն՝ կենտրոնական հրապարակում և հարակից տարածքներում: Այդ, ինչպես նաև հյուրերի ընդունման հետ կապված բոլոր աշխատանքներն իրականցնում է Հայ կաթողիկե առաջնորդարանը:
«Արդեն գիտենք, որ տարբեր երկրների մոտ 3 հազար մարդ Գյումրի գալու ցանկություն է հայտնել: Բոլոր հարցերը փորձում ենք պատշաճ ձևով կատարել: Ստեղծվել է հանձնախումբ: Հռոմի պապին կուղեկցեն կարդինալներ, կլինեն շատ ուխտավորներ»,-նշեց Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը:
Այն հարցին, թե Գյումրիի փողոցները «պատրա՞ստ են դիմավորելու» Սրբազան պապին՝ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանը նշեց.
«Գյումրու քաղաքապետարանն արդեն բավական աշխատանք է կատարել ճանապարհների մաքրման և հարթեցման ուղղությամբ: Վստահ ենք՝ Սրբազան քահանայապետի այդ օրվա ուղին լինելու է պատշաճ մակարդակի»:
Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանն ավելացրեց, որ այս այցը նաև գերազանց առիթ է, որպեսզի վերհանվեն նաև Գյումրու սոցիալական խնդիրները, քանի որ Հռոմի պապի այցի կապակցությամբ բազմաթիվ լրագրողներ են այցելելու Գյումրի, ու բնականաբար նրանք նյութեր կպատրաստվեն նաև քաղաքի ու առկա խնդիրների մասին: