Բավ է պառակտվել
01-04-2014 17:55

Դրամական մրցանակի արժանացած անձինք այն փոխանցել են սիրիահայերին ու Սերգեյ Նիգոյանի ընտանիքին

Մարտի 28-ին կայացել է  ՀՀ սփյուռքի նախարարության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության հետ համատեղ իրականացվող «Հայապահպանության գործում նշանակալի ավանդի համար» 2013 թվականի մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: 2013թ մրցույթին մասնակցել են 158 հայկական կազմակերպություն և անհատ շուրջ 10 երկրից: Մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 5-րդ տարին և մասնակիցների թիվն ու երկրների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում են: Այս տարի մրցանակաբաշխության շրջանակներում մրցույթներն իրականացվել են «Մայրենիի պաշտպան», «Երիտասարդական /ուսանողական կազմակերպություն», «Լավագույն մանկական ստեղծագործություն»՝ «Հայրենիք, քեզ այսպիսին եմ տեսնում» և «Մայր իմ անուշ ու անգին», «ԱՊՀ երկրների լավագույն հայկական համայնք» անվանակարգերում:

Մասնակիցներն արժանացան գլխավոր, 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի և խրախուսական մրցանակների:

Մրցանակակիրներից մի քանիսն իրենց դրամական պարգևները փոխանցել են բարեգործական նպատակներով:

«Լավագույն հայկական համայնք» անվանակարգում գլխավոր մրցանակի արժանացավ Սանկտ Պետերբուրգի «Հայկական ազգամշակութային ինքնավարություն» կազմակերպությունը : Դրամական մրցանակը (500.000 ՀՀ դրամ) փոխանցվեց սիրիահայերի օգնության ֆոնդին : Նույն անվանակարգում 2-րդ կարգի մրցանակիրը՝ Կիևի հայկական համայնքը, իր դրամական պարգևը (300.000 ՀՀ դրամ) փոխանցեց Ուկրաինայի քաղաքացի, ազգությամբ հայ Սերգեյ Նիգոյանի ընտանիքին (նա 2014թ հունվարի 22-ին Եվրամայդանում զոհվեց դիպուկահարի գնդակից): ՌԴ Տյումեն քաղաքից «Մայր իմ անուշ ու անգին» անվանակարգով շարադրությունների մրցույթի 2-րդ կարգի մրցանակակիր Արփինե Բաբալարյանն իր դրամական պարգևը (100.000 ՀՀ դրամ) փոխանցելու է Խնձորեսկի միջնակարգ դպրոցին: «Մայրենիի պաշտպան» անվանակարգում մրցույթի 1-ին կարգի մրցանակակիր Սվետլանա Տոնապետյանն իր դրամական մրցանակը (250.000 ՀՀ դրամ) փոխանցելու է «Ղարաբաղից բռնագաղթված և զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցություն» ՀԿ-ին: Բազմաթիվ այլ մրցանակակիրներ ևս ցանկություն են հայտնել մրցանակաբաշխությունից ստացած դրամական մրցանակները փոխանցել բարեգործական նպատակներով: