21-12-2013 15:32

Չի բացառվում, որ եկող տարի Սիրիական հակամարտությունը էթնոդավանական բնույթ ստանա. արաբագետ

Սիրիական հակամարտության երրորդ տարվա ամփոփիչ ասուլիսում արաբագետ Սարգիս Գրիգորյանը մտավախություն հայտնեց, որ Հունվարի 22-ին կայանալիք Ժնև-2-ով սիրիական հակամարտությունը չավարտվի, ավելին. «Մտավախություն ունեմ, որ ավելի էթնոդավանական սուր հակասությունների բնույթ կստանա, ինչը կվտանգի ազգային փոքրամասնություններին, այդ թվում նաև հայերին», - ասաց նա:

Վերևինս նշեց նաև, որ եթե Սիրիայի քիմիական զենքի, զինապաշարների ոչնչացման գործընթացն ընթացավ կոնկրետ սահմանված ժամանակացույցով, ապա նույնը չենք կարող ասել սիրիական հակամարտության պարագայում:

Ըստ արաբագետի, քանի որ սիրիական ընդդիմադիրների շրջանում տարաձայնություններ կան, նրանք պատրաստ չեն միասնական փաթեթով, ձևաչափով հանդես գալ Ժնև-2-ում, դա կարող է հարցականի տակ է դնել այդ համաժողովի արդյունավետության գործակիցը:

Ս. Գրիգորյանը վստահ է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները նույնպես ազդում են Սիրիայի վրա:

Ասուլիսին մյուս բանախոս՝ արաբագետ Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ, Սիրիայում, նաև սիրիական հակամարտության արտաքին մասնակիցների շրջանում սպասողական վիճակ է` կապված հունվարի 22-ին Ժնևում նախանշված սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման համաժողովի հետ:

«Սիրիայում ռազմական գործողություններն ակտիվացել են, քանի որ կողմերը ցանկանում են առավել ինքնավստահ հանդես գալ ակնկալվող բանակցություններին, իսկ Սիրիայի արտաքին խաղացողների շրջանում հանդուրժողականության մթնոլորտ է»,- նշեց նա:

Արաբագետը հիշեցրեց նաև, որ Սիրիայի իշխանությունն արդեն ներկայացրել է այն ցուցակը, որով պետք է մասնակցի Ժնև-2 համաժողովին, իսկ ընդդիմության ցուցակը պատրաստ կլինի դեկտեմբերի 27-ին:
Ըստ Ա. Պետրոսյանի, Ժնև- 2 համաժողովի շրջանակներում, հունվարի 24-ին Սիրիայի հակամարտող կողմերին կներկայացվի ճանապարհային քարտեզ, որի շուրջ էլ կընթանան բանակցությունները: