Բավ է պառակտվել
17-07-2015 13:22

Որևէ անձ դուրս եկավ խմբակցությունից, չի կարող ընդգրկվել ուրիշ խմբակցության մեջ.նոր սահմանադրություն

Սահմանադրական դատարանի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, և Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանն այսօր մամուլի ասուլիսին մեկնաբանեցին Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի վերաբերյալ որոշ հարցեր: Անդրադառնալով 2005 թվականի սահմանադրական փոփոխություններին, Վարդան Պողոսյանն ասաց, որ այդ ժամանակ ինքը ներկայացրել է իր քննադատական մոտեցումները: «Սահմանադրական իրավունքի մասնագետը պետք է օբյեկտիվ գնահատական տա ցանկացած տեքստին, իր խնդիրը ճիշտ մեկնաբանելն է: 2005 թվականի հիմնական թերություններն այն ժամանակ էլ պարզ էին, և շատ հարցերով հաշվի չէին առնվել»,-ասաց նա և նշեց, որ սահմանադրագետի, քաղաքագետի խնդիրը ցույց տալն է, թե ինչ ուղիներով կարելի է թերություններն ուղղել: Վարդան Պողոսյանն ասաց, որ ինքն ի սկզբանե եղել է խորհրդարանական համակարգի կողմնակից: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը, անդրադառնալով հարյուր տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին, ասաց, որ այդ պարագայում կուսակցական կարգապահությունը մեծանում է։ Ըստ նրա՝ մեծամասնականով ընտրված պատգամավորը գտնում է, թե ինքն իր շնորհիվ է ընտրվել և միգուցե կուսակցությունն է իրեն պարտական, որովհետև կուսակցության համար ձայներ է բերել: Նա նաև նշեց, որ եթե որևէ անձ դուրս եկավ խմբակցությունից, չի կարող ընդգրկվել մեկ ուրիշ խմբակցության մեջ: