Բավ է պառակտվել
29-08-2016 16:14

ՌԴ քաղաքացի Միրոնովը չի կարող լքել Հայաստանը` մինչ նրա հանձնման հետ կապված հարցի լուծումը (տեսանյութ)

Ուրբաթ Երևանում ԱՄՆ պահանջով ձերբակալված Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը չի կարող լքել Հայաստանն այնքան ժամանակ, մինչ կորոշվի նրա հանձնման հետ կապված հարցը, հայտարարել է Միրոնովի փաստաբան Ռուբեն Կիրակոսյանը:

Երկուշաբթի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը մերժել է դատախազության` Միրոնովին կալանավորելու մասին միջնորդությունը և ազատ արձակել նրան դատական նիստերի դահլիճից:

Հայաստանի ոստիկանության տվյալներով, օգոստոսի 26-ին ժամը 16.30-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների կողմից «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել և ՔՀԳՎ բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի, 1986 թ. ծնված Սերգեյ Միրոնովը, որը 2016 թ. մայիսի 11-ից միջազգային մակարդակով հետախուզվում է ԱՄՆ իրավապահ մարմինների կողմից։ Սերգեյ Միրոնովին կասկածում էին «Գենեզիս» ընկերության միջոցով զենքի առևտրի մեջ։ Հիշեցնենք, որ նա այդ ընկերությունում աշխատում է որպես ծրագրավորող և ցանցային ադմինիստրատոր։