24-08-2016 09:12

Հայ-ադրբեջանական սահմանը հատած Հենրիկ Աղեկյանը վերադարձվել է հայրենիք

Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի Հենրիկ Աղեկյանը վերադարձվել է հայրենիք, տեղեկացրել է Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը։

Կապրիելյանը նաև հայտնել է, որ Աղեկյանի հետվերադարձը կազմակերպվել է օգոստոսի 23-ին, Երևանի ժամանակով 18:00-ին:

«Աղեկյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախնական տվյալներով` վիճակը նորմալ է, սակայն այսօր կամ վաղը կենթարկվի բազմակողմանի բժշկական հետազոտության, ինչպես կարգն է պահանջում»,- ասել է Կապրիելյանը:

Oգոստոսի 7–ին 1954 թ.–ին ծնված Հենրիկ Աղեկյանը հատել էր հայ–ադրբեջանական սահմանը։ Նրա հարազատներն ավելի վաղ տեղեկացրել էին նրա անհետացման մասին։

Նա տառապում է հոգեկան հիվանդությամբ, նախկինում ևս փորձել է հատել հայ–ադրբեջանական սահմանը, սակայն այդ փորձը կանխվել է։