Բավ է պառակտվել
27-03-2015 14:00

Երևանում հյուրանոցային ծառայությունները թանկացել են մինչև 30%-ով

Երևանում հյուրանոցային ծառայությունների գները բարձրացել են 20-30%-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արմենիա թրավել+ Մ» տուրիստական գործակալության տնօրեն Մարինա Կպրելյանը՝ թանկացումը պայմանավորելով հիմնականում վերջին ամիսներին դրամի արժեզրկմամբ: «Հյուրանոցները մեզ բացատրում են, որ թանկացման պատճառը միայն արտարժույթի փոխարժեքի փոփոխությունն է, և այն չեն պայմանավորում այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանող բազմաթիվ հյուրերով»,- ասաց նա: Տուրիստական գործակալության տնօրենն ընդգծեց, որ տարելիցի հետ կապված Հայաստան ժամանող հյուրերը հիմնականում պաշտոնական այցով են ժամանելու Հայաստան, և իրենք առնչություն չեն ունենալու: «Հայաստանում տուրիզմի ակտիվությունը սկսվում է Սուրբ զատիկից, այս պահին բոլոր հյուրանոցային համարները ամրագրված են: Բայց այսօր Երևանում ավելի մեծ է բարձրակարգ հյուրանոցների պահանջը: Մեր երկիրը չի կարող դառնալ մասսայական տուրիզմի երկիր, բայց մենք մեր նշաձողն ունենք շուկայում»,- ասաց նա: «Ջոել» տուրիստական գործակալության տնօրեն Սոնա Եղիազարյանն էլ նշեց, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում մոնիթորինգ է անցկացրել մարզերում և պարզել, որ մարզային հյուրանոցներում գնաճը կազմում է առավելագույնը 8%: «Քանի որ այսօր Երևանում զբաղված են հյուրանոցային համարները, մենք համագործակցում են անշարժ գույքի գործակալությունների հետ և Ֆրանսիայից, Ռուսաստանից, Ղազախստանից ապրիլին Հայաստան ժամանող մեր հայրենակիցների համար ամրագրել են բնակարաններ, սեփական տներ»,- ասաց նա: