Բավ է պառակտվել
27-03-2015 11:16

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդը Օբամային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամները ներկայացրել են օրինագիծ, որը նախագահ Բարաք Օբամային կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Բացի այդ, օրինագիծը բարձրաձայնում է անցած շաբաթ Կոնգրեսում ներկայացված Հայոց ցեղասպանության ճշմարտության ու արդարության 154-րդ բանաձևին Լոս Անջելեսի աջակցության մասին։ Քաղաքային խորհրդի անդամներ Փոլ Գրիգորյանին ու խորհրդի նախագահ Հերբ Վեսոնին միացել են անդամներ Միտչ Օ՝ Ֆարելը և Փոլ Կորեցը՝ ներկայացնելու օրինագիծը։ Քաղաքային խորհրդում ներկայացված փաստաթուղթը Օբամային ուղղորդում է ոչ միայն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլև կոչ անել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Ցեղասպանության փաստերն ու շարունակվող հետևանքները։ «Լոս Անջելեսն աշխարհում ամենամեծ հայկական պոպուլյացիաներից մեկի տունն է՝ ներառյալ Ցեղասպանությունը վերապրածներն ու նրանց ժառանգների վիթխարի թիվը»,- ասել է Փոլ Գրիգորյանը, ով Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում ընտրված առաջին ամերիկահայն է։ Գրիգորյանը կարևորել է թիվ 154 բանաձևին աջակցելու քայլը։ «Վստահ եմ, որ մեր ձեռնարկած գործողությունները կլսվեն ու հաշվի կառնվեն Վաշինգտոնում մեր ընտրած առաջնորդների կողմից և կտանեն մեզ արդարությանն ու ճանաչմանը մեկ քայլ մոտ»,- ասել է Գրիգորյանը։ Օրինագիծը քննարկման կդրվի խորհրդի կանոնադրական, ընտրական և միջկառավարական հարցերով կոմիտեում։ Հավանության արժանանալուց հետո այն քվեարկության կդրվի քաղաքային խորհրդում, որից հետո հավանության դեպքում կներառվի քաղաքի 2015-2016թթ. դաշնային օրենսդրական ծրագրում։