Բավ է պառակտվել
24-06-2014 14:58

Մեր երկրում 65 հազար մարդ աշխատանք է փնտրում.մասնագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը հայտարարեց, որ հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում աշխատանք է փնտրում 64 900 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 6,5%-ով: «Աշխատանք փնտրողների 46 600-ը կանայք են, 15 800-ը՝ երիտասարդներ»,- նշեց բանախոսը: Ըստ նրա՝ աշխատանք փնտրողներին պետք չէ շփոթել գործազուրկների հետ: Ըստ նրա` հունիսի 1-ի դրությամբ գործազուրկները կազմում են աշխատանք փնտրողների 95.4 տոկոսը. այս ցուցանիշն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3.7 տոկոսով (59.6 հազ. մարդ): Բանախոսի փոխանցմամբ` նշված ժամանակահատվածում աշխատանքի է տեղավորվել 4277 մարդ, որից 2572-ը՝ կին: «Գործազրկության նպաստի ստացման իրավունք ունի 4355 գործազուրկ, որոնցից 3012-ը կանայք են, 734-ը՝ երիտասարդ»,-հավելեց մասնագետն ու նշեց, որ աշխատանք փնտրողների մեծամասնությունը կանայք են: «Տղամարդիկ, ինչպես նաև երիտասարդները խուսափում են գրանցվել, մինչդեռ Հայաստանում բազմաթիվ աշխատեղեր չեն լրացվում՝ հարմար շահառուներ չլինելու պատճառով»,- ընդգծեց նա:
«Որքան էլ զարմանալի է, այժմ աշխատաշուկայում ամենապահանջարկվածը՝ հատկապես մարզերում, բժշկի, բուժքույրերի, ուսուցիչների մասնագիտություններ են»,- ասաց նա` հավելելով, որ պահանջարկ ունեն նաև համակարգչային օպերատորների, ճարտարապետների, տնտեսագետների, ՏՏ ոլորտի մասնագետների, դիզայներների, հաշվապահների, ինչպես նաև էլեկտրիկների, որմնադիրների, վարորդների, վարսահարդարների մասնագիտությունները: