Բավ է պառակտվել
07-11-2014 09:48

Գլխավոր դատախազը խոստացել է, որ Մարտի 1-ի գործը «տեղից կշարժվի»

Մարտի 1-ի զոհերի հարազատների հետ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանդիպմանը մասնակցած ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ազատության»-ը տեղեկացրել է, որ Կոստանյանը խոստացել է, թե Մարտի 1-ի գործը տեղից կշարժվի: Դատախազն ասել է, որ քննությունն ավարտված չէ : «Այդ առումով հուսադրող բան կար դատախազի խոսքի մեջ և խոստումներ կային», - նշեց Արամ Մանուկյանը: Հանդիպումը նախաձեռնել են Մարտի 1-ի զոհերի հարազատները, և Կոստանյանը, Մանուկյանի փոխանցմամբ, միանգամից համաձայնել է: Մեկուկես ժամ քննարկել են երկու հիմնական հարց` Մարտի 1-ի սպանությունների բացահայտումն ու զոհերի հարազատներին ֆինանսական փոխհատուցման տրամադրումը: Զոհերից Գոռ Քլոյանի մայրը` Ազատուհի Քլոյանը փոխանցեց, որ Գլխավոր դատախազը խոստացել է առանձին հանդիպումներ ունենալ զոհվածների հարազատների հետ և ներկայացնել քրեական գործի` վերջիններիս հուզող մանրամասները: Կոստանյանը խոստացել է նաև զբաղվել զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելու հարցով: Իշխող Հանրապետականը, հիշեցնենք, դեմ է բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին օրենքով փոխհատուցում տրամադրելուն` ֆինանսների բացակայության պատճառաբանությամբ: Արամ Մանուկյանը պնդեց, որ բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերի հարազատներին փոխհատուցում տրամադրելը նաև միջազգային կառույցների պահանջն է: «Ես ներկայացրեցի դատախազին մի փաստաթուղթ` ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի նամակն է Շարլ Ազնավուրին, որպես մեր ներկայացուցիչ, որտեղ ամրագրվում է, որ տուժողների հետ կապված բոլոր պայմանավորվածությունները մինչև այս պահը կատարված չեն: Այս փաստաթուղթը գաղտնի է պահվել»: «Այդ նյութականի կարիքը, որ ասեմ չի հուզում, դա էլ սուտ կլինի», - չթաքցրեց Ազատուհի Քլոյանը: - «Եկեք չմոռանանք, որ Գոռ Քլոյանը 28 տարեկան էր, նրա երեխան 40 օրական էր... Այդ 40 օրական երեխան ապրել էր ուզում... Ամուսինս 65 տարեկան մարդ, սրտի նևրոզով հիվանդ մարդ այսօր գնացել է արտագնա աշխատանքի, հաց բերի, որ այս երեխաներին պահի: Նա էլ [Կոստանյանը] մեզ բացատրեց, թե իրենք այդ հարցը առաջ են քաշել, անգամ նախագահի հետ»: Գլխավոր դատախազի պատրաստակամությունը տիկին Ազատուհուն հույս էր ներշնչել. - «Ասեց` տղամարդկային խոստում եմ տալիս, որ սայլր տեղից կշարժվի»:
Արամ Մանուկյանին նույնպես զարմացրել է Գլխավոր դատախազի արձագանքը. - «Այս պահի համար դա դրական է: Գոհ եմ իրենից, որ այդ հանդիպումը եղավ»: