Բավ է պառակտվել
22-04-2015 08:42

Երևանում այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» թեմայով գլոբալ ֆորում է անցկացվում

Ապրիլի 22-23-ը Երևանում կանցկացվի գլոբալ ֆորում՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության», որին մասնակցելու է ավելի քան 600 մասնակից՝ ավելի քան հինգ տասնյակ երկրից: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Ֆորումին ելույթով հանդես կգան ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի նախագահ Դանիել Ֆեյերստեյնը: Ֆորումի ընթացքում քննարկվելու են միջազգային իրավունքում մարդկության հանդեպ հանցագործությունների կանխարգելման միջոցների զարգացմանը, ցեղասպանությունների հետևանքների վերացմանը և պատասխանատվության խնդիրներին վերաբերող հարցեր: Նախատեսվում է խորհրդարանականներն ընդդեմ ցեղասպանության լիագումար նիստ, որի ընթացքում ելույթներով հանդես կգան խորհրդարանական պատվիրակությունների ներկայացուցիչներ:Նիստերը կնախագահեն միջազգային իրավունքի հայտնի մասնագետներ Լուիզ Մորենո Օկամպոն, Ջեֆրի Ռոբերտսոնը, քաղաքական գործիչներ Օ դը Սեն դեպարտամենտի գլխավոր խորհրդի նախագահ, Ֆրանսիայի Ժողովրդական շարժման միություն կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանը, Մարդասիրական օգնություն բարեգործական կազմակերպության հիմնադիր ու գործադիր տնօրեն, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Հայաստանի ազգային հերոս, ՌԴ Դաշնային խորհրդի բնական մենաշնորհների հարցերով կոմիտեի նախագահ, Տեղական ինքնակառավարման հանձնաժողովի անդամ, Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը: Զեկույցներով հանդես կգան միջազգային իրավունքի ականավոր մասնագետներ, հայտնի պատմաբաններ, ցեղասպանագետներ: