Բավ է պառակտվել
18-04-2015 10:50

Հայերի ջարդերը մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում էին.ԵԽ հանձնակատար

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսն անդրադարձել է հայոց ցեղասպանությանը, հայ-թուքական հարաբերություններին և մարդու իրավունքներին։ Եվրոպայի խորհրդի կայքում հրապարակված հոդվածը վերնագրված է «Հայ-թուրքական կապերի վերահաստատումը և մարդու իրավունքները» (Armenian-Turkish Reconnections and Human Rights): ԵԽ հանձնակատարը նշում է, որ պատմությունը շարունակում է բաժանել հայ և թուրք պաշտոնյաներին, սակայն կան բազմաթիվ հասարակական, մշակութային և գիտական նախաձեռնություններ, որոնց նպատակն է վերամիավորել երկու հասարակություններին։ «Ապրիլի 24-ին լրանում է 1915թ․-ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների, տեղահանությունների և ընչազրկության 100-ամյակը, որի արդյունքում տեղի ունեցավ Անատոլիայում հայերի գրեթե ամբողջությամբ վերացում։ Մարդու իրավունքների այս զանգվածային խախտումները և դրանց ցավալի ժառանգությունը երկու հասարակությունների միջև թողել է հսկայական ճեղքվածք, որը բյուրեղացել է դրանց քաղաքական և իրավական տեսակետից որպես ցեղասպանություն անվանելու խնդրի շուրջ։ Սակայն, ոգևորող է տեսնել, որ այսօր շատ մարդիկ փորձում են հաղթահարել այս դժվարին ժառանգությունը և նպաստել փոխադարձ ըմբռնմանը, հաշտեցմանը և համատեղ պատմության վերակառուցմանը։ Թուրքիայում «1915թ․ իրադարձությունների» քննարկումները երկար ժամանակ տաբու էր կամ անգամ կարող էր լինել քրեական հետապնդման առարկա՝ «թրքությունը վիրավորելու» համար։ Վերջին տարիներին սույն հոդվածով հետապնդումները դարձել է առավել հազվադեպ և առաջացել է քննարկման տարածք։ Այս տարածքը ստեղծվել է մի շարք զուգահեռ զարգացումների, մասնավորապես հայերի և թուրքերի միջև շփումների ավելացման և Թուրքիայում քաղաքական և մշակութային էվոլյուցիայի արդյունքում։ Չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը շարունակում է փակ մնալ, 2 երկրների քաղաքացիները կարողանում են ազատ ճանապարհորդել հարևան երկրներում։ Միևնույն ժամանակ, Թուրքիայում անցյալի մասին բանավեճերը զգալիորեն զարգացել է։ Թուքական բանավեճում շրջադարձային եղավ 2007թ․-ին թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի ողբերգական սպանությունը, որը հանգեցրեց անցյալի վերագնահատման հետագա կոչերի։ 2008թ․-ին Թուրքիայում մտավորականները կազմակերպեցին ստորագրահավաք, որում հազարավոր մարդիկ ներողություն էին խնդրում հայերից «Մեծ աղետի» համար»,-գրում է ԵԽ հանձնակատարը։

ԵԽ հանձանկատարն անդրադառնում է նաև քաղաքացիական հասարակությունների վերջին նախաձեռնություններին՝ նշելով, որ 2009թ․-ից Հրանտ Դինքի հիմնադրամը սկսել է իրականացնել լրագրողական փոխանակումներ։ Հայկական կողմը ձգտում էր ճանաչել և հրապարակել այն «արդար թուրքերի» դերը, ովքեր փրկել էին հայերի կյանքը։ «2014թ․-ի սկզբին Հայաստանից և Թուրքիայից 8 հասարակական կազմակերպություններ՝ Եվրամիության աջակցությամբ, մեկնարկեցին մի ծրագիր, որը կոչվում էր «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին»։ Ծրագիրը ներառում է լրագրողների, արվեստագետների և բնապահպանական ակտիվիստների այցելություններ և փոխանակնումներ, ուսուցիչների համար ամառային դպրոցներ, ցուցահանդեսներ։ Մասնավոր հատվածը ևս ձգտում է խթանել գործարար կապերը, որն այժմ տեղի է ունենում Վրաստանի և Իրանի միջոցով»,-գրել է Նիլս Մույժնիեկսը։

Այս ամենը ներկայացնելով՝ հանձնակատարը դրանք համարում է հուսադրող քայլեր, որոնք, եթե շարունակվեն, կարող են հիմք հանդիսանալ ցավոտ անցյալի հետ արդյունավետորեն գործելու և 1915թ․-ի ժառանգությունը ճանաչելու համար։ «Անցյալի խնդիրներին անդրադառնալը պահանջում է կարեկցանք և փոխըմբռնում և այս նախաձեռնությունները տանում են հենց այդ նպատակին։ Սա կարող է իր հերթին հիմք ծառայել ազգային իշխանությունների դիրքորոշումների զարգացման համար։ Իշխանությունները պետք է ձեռնպահ մնան նման նախաձեռնություններին խոչընդոտելուց կամ դրանցից քաղաքական առավելություններ ձեռք բերելուց և ձգտեն աջակցել այդ գործիչներին, որոնց նպատակն է ճշմարտության բացահայտումը և շփումների ու ըմբռնման խթանումը»,-ասվում է հոդվածում։ «Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից հայերի տեղահանումներն ու ջարդերը մարդու իրավունքների զանգվածային ոտնահարում էին։ Մարդու միջազգային իրավունքների առաջին կանոնը պետք է ամփոփվի որպես «ոչ մի անպատժելիություն ոճրագործների համար»։ «Սակայն, ողբերգությունը տեղի է ունեցել 100 տարի առաջ և ոճրագործներն այլևս կենդանի չեն և չեն կարող պատասխանատվության ենթարկվել։ Թուրքիայում անցյալի հետ գործ ունենալու պրոցեսում առաջընթացի ցուցանիշ կլինի պաշտոնական դիրքորոշման զարգացումը՝ անցյալում մարդու իրավունքների խախտումների ուղղությամբ։ Ըստ պաշտոնական դիրքորոշման, ես նկատի ունեմ ոչ միայն Թուրքիայի առաջնորդների քաղաքական հայտարարությունները, այլ նաև ինստիտուցիոնալ դիրքորոշումը՝ արտացոլված մասնավորապես պաշտոնապես հաստատված պատմության գրքերում, պետական ֆինանսավորմամբ թանգարանային ցուցադրություններում և այլ մշակութային գործերում։ Արդյոք ոճրագործները դատապարտվե՞լ են և հանցագործությունը ճանաչվե՞լ է։ Թե՞ նրանք անտեսվել, ստորադասվել, արդարացվել կամ անգամ փառաբանվել են։ Մարդու իրավունքների տեսանկյունից երկրորդ կարևոր տարրը պետք է ամփոփվի որպես «զոհերի և նրանց ընտանիքների կարիքներին անդրադարձ»։ Մինչդեռ 100 տարի անց մի քանի փրկվածներ դեռ մեզ հետ են, նրանց ժառանգներից շատերը տուժել են տեղի ունեցածից։ Մարդու իրավունքների խախտումների զոհերի փոխհատուցման համար կան տարբեր ուղիներ, որոնցից մեկն է ողբերգության ճանաչումը՝ ոգեկոչման օրերի, ծեսերի և հուշարձանների միջոցով։ Եղել են դեպքեր, երբ Թուրքիայում հայերին է վերադարձվել գույք և հայկական ժառանգության որոշ մասեր վերականգնվել են, ինչպիսիք են Դիարբեքիրում Սուրբ Կիրակոս եկեղեցին և Ախթամար կղզու վրա Սուրբ Խաչ եկեղեցին։ Սակայն, շատ ավելին կարող էր արվել այս ոլորտում»։