Բավ է պառակտվել
21-10-2014 11:33

Նոր մանրամասներ Վնուկովոյի աղետից

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում «Ֆայլկոն» ինքնաթիռը Մոսկվա-Փարիզ մասնավոր թռիչքն իրականացնելիս բախվել էր ձյուն մաքրող մեքենային, վթարի հետևանքով չորս մարդ է զոհվել, որից երեքն անձնակազմի անդամներն են: Օդանավի միակ ուղևորը ֆրանսիական Total նավթային ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարժերին էր: Նա երկուշաբթի Մոսկվա էր ժամանել՝ մասնակցելու Մեդվեդևի անցկացրած Օտարերկրյա ներդրումների խորհրդակցական խորհրդի հավաքին: «Գազետա.ռու»-ն նշում է, որ Total-ի ղեկավարը դեմ էր Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցներին: Աղետի հետաքննությամբ զբաղվում է Միջպետական ավիացիոն կոմիտեն՝ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության մասնագետների մասնակցությամբ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ օդանավի շահագործման անվտանգության կանոնների խախտում, որն առաջացրել է երկուսից ավելի մարդու մահ: Այս պահին մի քանի վարկած է առաջ քաշվում` օդաչուների, կարգավարների, ձյուն մաքրող մեքենայի վարորդի մեղավորությունը, ռուսական լրատվամիջոցներին ասել են Մոսկվայի քննչական վարչությունից: Օդանավը քթով հարվածել է ձյուն մաքրող մեքենային, ինչից հետո շրջվել: Այս պահին փորձում են պարզել, կա՞ արդյոք աղետի տեսանյութը: «Այս պահին արդեն հայտնի է, որ ձյուն մաքրող մեքենայի վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ: Հնարավոր է, որոշում կայացվի օդանավակայանի մի շարք աշխատակիցների ազատել աշխատանքային պարտականություններից քրեական գործի շրջանակում իրականացվող քննության ընթացքում»,-ասել են վարչությունից: