Բավ է պառակտվել
07-11-2016 10:31

ՀՀ Առողջապահության նախարարը կընդունի մահացած ծննդկանների հարազատներին

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը կընդունի մահացած ծննդկանների հարազատներին, Facebook սոցցանցի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։

«Հաշվի առնելով, որ նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում ՀՀ առողջապահության նախարարի կողմից հնչեցված խոսքը տարընթերցման տեղիք է տվել, Լևոն Ալթունյանն, ով այս պահին բացակայում է երկրից, պատրաստվում է վերադառնալուն պես՝ նոյեմբերի 8-ին, ընդունել վերջին մեկ տարվա ընթացքում մահացած երեք ծննդկանի՝ Մերի Մարգարյանի, Տաթևիկ Գասպարյանի և Հռիփսիմե Նազլուխանյանի հարազատներին»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Նախարարը մահացած ծննդկանների հարազատներից կլսի նրանց մտահոգող հարցերը՝ հնարավոր աջակցություն ցուցաբերելու նպատակով։

«Նշեմ, որ Մերի Մարգարյանի հայրը օրերս եղել է ընդունելության ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավարի մոտ», – հայտնել է Հայթայանը։

Նա տեղեկացրել է, որ նախարարությունում գործող մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհուրդը առաջին երկու ծննդականի մահվան հանգամանքները ժամանակին մանրամասն քննարկել է։

Լևոն Ալթունյանի հոկտեմբերի 21–ի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է Վանաձորի ԲԿ–¬ում արձանագրված մայրական մահացության դեպքը ՝ հիմնական պատճառները վեր հանելու, դրանք վերլուծելու համար։ Այս ուսումնասիրությունների նպատակն է գործող կանոնակարգերում, ուղեցույցներում անհարժեշտության դեպքում փոփոխություններ իրականացնել՝ հետագայում նման ելքերը հնարավորինս բացառելու նպատակով։ Այս գործընթացն իրականացվում է բացառապես առողջապահության նախարարության իրավասությունների ներքո և ունի մասնագիտական նշանակություն։

«Նշված բոլոր 3 դեպքի կապակցությամբ իրականացվել է դատաբժշկական փորձաքննություն, այժմ գտնվում են քննչական մարմինների տիրույթում», – ավելացրել է Հայթայանը։