Բավ է պառակտվել
04-06-2015 12:37

Ճշտվում է գարնան ամիսներին կարկուտի հասցրած վնասի չափը. գյուղնախարար

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հայտնեց, որ գարնան ամիսներին հանրապետությունում տեղացած կարկուտի հետևանքով հիմնականում տուժել են բազմամյա տնկարկները, պտղատու ծառատեսակները` հիմնականում ծիրանենին, և խաղողի այգիները: Նրա խոսքերով՝ կարկուտը տեղացել է Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Շիրակի մարզերում: Մարզերում ստեղծվել են աշխատանքային խմբեր, ճշտվում են վնասների չափերը: «Մեր երկրում կարկտահարության հավանականությունը մեծ է ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում` կապված մեր աշխարհագրական դիրքով: Յուրաքանչյուր տարի հակակարկտային կայանների տեղադրման ծավալներն ավելացնում ենք, անցած տարի տեղադրվել է ութսուն կայան, այս տարի արդեն իսկ տեղադրվել է ութը»,- ասաց Ս.Կարապետյանը: Ըստ գյուղատնտեսության նախարարի՝ հակակարկտային կայանների արդյունավետությունը կազմում է 60-80 տոկոս, իսկ աշխարհում արդեն օգտագործում են հիմնականում ցանցային եղանակով պաշտպանության տեխնոլոգիաներ: «էջմիածնի տարածաշրջանում ծիրանի այգիների վրա արդեն ունենք նման տեխնոլոգիաների ներդրման փորձ: Այդ ուղղությամբ արդեն լուրջ աշխատանքներ են տարվում, քանի որ դրանց արդյունավետությունը 100 տոկոս է: Համապատասխան աշխատանքներ են տարվում նաև Հայաստանում ցանցային տեխնոլոգիաների արտադրություն իրականացնելու ուղղությամբ, քանի որ դրանք մեզ համար այսօր առաջնային նշանակություն ունեն: Ակնկալվում է, որ արդեն հաջորդ տարվանից արտադրությունը կսկսվի»,- հայտարարեց նախարարը: Նա անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի զարգացումներին` նշեց, որ այս տարվա հունվար-ապրիլին ոլորտում աճը կազմել է 4,8 տոկոս: Ս. Կարապետյանը հույս հայտնեց, որ մինչ տարեվերջ կարձանագրվի դինամիկ աճ: Տարին բարենպաստ է գյուղատնտեսության համար, իսկ ջրամբարների լցվածությունը բավականին բարձր է: Խոսելով ջերմոցային տնտեսությունների մասին` նախարարը տեղեկացրեց, որ ժամանակակից տեխնոլոգիաներով ջերմոցների թիվն այս տարի հանրապետությունում կավելանա 50-60 հեկտարով: «Նոր ջերմոցների շահագործման արդյունքում ներկրված որևէ տեսակի բանջարեղեն շուկաներում չկա, բոլորը տեղական են: Միաժամանակ, մենք մթերումների առումով խնդիրներ չենք ունենալու, բոլոր կազմակերպությունները պատրաստակամ են բոլոր գյուղատնտեսական մթերքներն ընդունել և վերամշակել: Կառավարությունն իր հերթին ևս պատրաստ է վերամշակողներին ցուցաբերել անհրաժեշտ որոշակի օգնություն»,- ընդգծեց Ս.Կարապետյանը: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն էլ տեղեկացրեց, որ ՀՀ-ում տեղադրված է 412 հակակարկտային կայան, սակայն դրանց ընդհանուր պահանջարկը 5000-ից ավելի է: Առաջնային կերպով անհրաժեշտ է, որպեսզի մոտ ժամանակներս տեղադրվի առնվազն 1000 կայան: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց հաշվարկել, թե առաջնային նշանակություն ունեցող կայանների տեղադրման համար որքան միջոցներ են անհրաժեշտ: