11-02-2015 18:14

Հայ միգրանտների խնդրով Մոսկվայում է ՏԿԱԻՆ միգրացիոն ծառայության պետը

2015 թ. հունվարի 2-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը: Պայմանագրով անդամ պետություններում կողմերի աշխատանքային միգրանտների համար սահմանվել են էապես դյուրացված պայմաններ: Հայաստանից աշխատանքային միգրանտների գերակշիռ մասը` 96%-ը ուղղվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն, հետեւաբար այդ երկրի միգրացիոն օրենսդրության փոփոխություններն անմիջապես ազդում են մեր քաղաքացի աշխատանքային միգրանտների վրա: Մյուս կողմից Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության եւ կիրառվող պրակտիկայում վերջին շրջանում տեղի ունեցած խստացումների արդյունքում բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ սկսել է կիրառվել ՌԴ մուտքի արգելանք` մինչեւ 10 տարի ժամկետով: Ռուսական աղբյուրների համաձայն՝ նման օտարերկրացիների թիվը 3 միլիոն է: Գնահատականների համաձայն, դրանց թվում են 50-60.000 ՀՀ քաղաքացիներ, որոնք դուրս են եկել ՌԴ տարածքից (հիմնականում գտնվում են ՀՀ-ում) եւ չեն կարողանում հետ վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն:Այդ անձանց խնդիրներին լուծում տալու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության եւ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության միջեւ, համաձայն որի ՌԴ մուտքի արգելքը բացելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների դիմումները` կից փաստաթղթերի հետ միասին հավաքվում եւ փոխանցվում են ռուսական կողմին:Նշված հարցերի շուրջ Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության իր պաշտոնակիցների հետ աշխատանքային քննարկումներ ունենալու նպատակով փետրվարի 11-13-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը գործուղվել է Մոսկվա: