Բավ է պառակտվել
29-12-2014 19:03

Արտգործնախարարն այցելեց ՀՀ Զինված ուժերի զորամաս

Դեկտեմբերի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց ՀՀ Զինված ուժերի N զորամաս: Ժամանելով զորամաս` Էդվարդ Նալբանդյանը ծաղիկներ դրեց սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև։ Արտգործնախարարը շրջայց կատարեց զորամասում, ծանոթացավ զինվորների ծառայության պայմաններին: Այնուհետև նախարար Նալբանդյանը զորամասի նիստերի դահլիճում հանդիպեց սպայակազմի և զինծառայողների հետ, պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստական աշխատանքների, հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերությունների, տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ բազմաթիվ հարցերի։

Շնորհավորելով զինվորականներին գալիք Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ, ավանդաբար, ընտանեկան ամանորյա տոները նրանք նշում են ընտանիքներից հեռու, քանի որ իրականացնում են Հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը՝ ապահովելով մեր ժողովրդի, մեր երկրի խաղաղ կյանքն ու զարգացումը։ Նախարար Նալբանդյանը խաղաղ ծառայություն և հաջողություններ ցանկացավ սպաներին և զինվորներին՝ ընդգծելով, որ նրանց հաջողությունից է կախված մեր Զինված ուժերի ամրությունը և հզորությունը։ Նախարարը նրանց մաղթեց բարի և հաջողություններով լի տարի, այնպիսի ծառայություն, որ ընտանիքներում հպարտ լինեն իրենց զավակներով և ուրախանան բանակից ստացվող լուրերով։ Էդվարդ Նալբանդյանը վստահեցրեց, որ հայ դիվանագետները շարունակելու են իրենց ջանքերն՝ ուղղված հարատև խաղաղության և կայունության ամրապմնդմանը։