Բավ է պառակտվել
13-10-2014 18:56

Արտգործնախարարը մասնակցեց ՄԳԻՄՕ-ի հիմնադրման 70-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին

Հոկտեմբերի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երկրորդ համաշխարհային ֆորումի բացման հանդիսավոր նիստին՝ ԲՈՒՀ-ի հիմնադրման 70-րդ տարեդարձի շրջանակներում։

Համաժողովին մասնակցում են 54 երկրից ժամանած շուրջ 1200 շրջանավարտներ։ Հանդիսավոր նիստը բացեց ՄԳԻՄՕ-ի բազմամյա ռեկտոր ակադեմիկոս Անատոլի Տորկունովը, ողջույնի խոսքերով հանդես եկան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Իր խոսքում նախարար Նալբանդյանն ասաց. «Շատ բան է փոխվել այն օրվանից, երբ ես ՄԳԻՄՕ էի ընդունվում։ Իսկ դա ավելի քան քառասուն տարի առաջ էր։ Չի փոխվել միանշանակ այն, որ մեր ԲՈՒՀ-ը եղել և մնում է աշխարհում միջազգայնագետների պատրաստման ամենահեղինակավոր, լավագույն ԲՈՒՀ-երից մեկը։ Սակայն մեր ինստիտուտը ոչ թե 40 տարեկան է, այլ մենք նշում ենք այսօր նրա 70-րդ տարեդարձը։ Յոթ տասնամյակների ընթացքում ՄԳԻՄՕ-ն տվել է հազարավոր ճանաչված դիվանագետներ, պետական, քաղաքական, գործիչներ, գիտնականներ, գործարարներ, լրագրողներ։ ԲՈՒՀ-ի տաղանդավոր դասախոսները արել են հնարավորը՝ աշխարհի տարբեր երկրներից տարբեր ազգությունների բազմահազար արհեստավարժ դիվանագետների պատրաստման համար»։ Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ԲՈՒՀ-ի ղեկավարությանը՝ հարյուրավոր հայ բարձրակարգ մասնագետներ կրթելու համար, որոնք այսօր էլ աշխատում են միջազգային ասպարեզում, ինչպես նաև՝ իրենց նպաստն են բերում հայ-ռուսական բարեկամության առավել ամրապնդմանը։  Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց ՄԳԻՄՕ-ի և Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը։ Էդվարդ Նալբանդյանը, հաջողություն մաղթելով ՄԳԻՄՕ-ի շրջանավարտների երկրորդ միջազգային ֆորումի աշխատանքերին, առաջարկեց հաջորդ ֆորումն անցկացնել գալիք տարի Հայաստանում՝ ընդգծելով, որ դա հատկապես խորհրդանշական կլինի, քանի որ նշվելու է Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակը, որը մեկն է ՄԳԻՄՕ-ի կազմավորման համար հիմք ծառայած երկու կրթօջախներից։ «Շփվելով ՄԳԻՄՕ-ի այսօրվա ուսանողների և ասպիրանտների հետ, ես համոզվեցի, որ մեր ինստիտուտը ունի ապագա, ոչ պակաս փառավոր, քան՝ նրա անցած ճանապարհն է», - ընդգծեց նախարար Նալբանդյանը։