13-10-2016 15:23

ՌԴ հայկական համայնքի պոտենցիալի 1%-ն է միայն օգտագործվում. Արա Աբրահամյան

Մեր հաշվարկներով Ռուսաստանում շուրջ 3 մլն հայ է ապրում, որի ներուժն ըստ էության չի օգտագործվում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին Երեւանի պետական համալսարանում «Ռուսաստանի Դաշնության հայկական սփյուռքը» խորագրով գիտաժողովի ժամանակ իր խոսքում նշել է Ռուսաստանի հայերի միության նախարար Արա Աբրահամյանը:

«Եթե ինձ հարցնեք, ես կասեմ, որ հայկական սփյուռքի պոտենցիալի 1 տոկոսն է օգտագործվում միայն։ Ինքս էլ եմ ինձ մեղադրում, որ չենք օգտագործում»,-ասաց Աբրահամյանը՝ հավելելով. «Մենք, ցավոք, գիտական գնահատական չենք տվել ժամանակակից Ռուսաստանի հայության տեղին ու դերին, թե որտեղ որքան հայ է բնակվում եւ ինչ վտանգ է սպառնում հայությանը, ինչպես ենք կարողանում պահպանել հայությունը»:

Հատկանշական է, որ Արա Աբրահամյանը նախ նշեց, թե Ռուսաստանում չկա մի մարզ, քաղաք, որ Ռուսաստանի հայերի միությունը չիմանա, թե ինչ է կատարվում այնտեղ, ապա քիչ հետո նշեց, թե չգիտեն, թե որտեղ որքան հայ է բնակվում: Նրա խոսքով, Ռուսաստանում բազմաթիվ հայեր կան, որոնց մասին իրենք չգիտեն:

Իր խոսքի վերջում Արա Աբրահամյանն ընդգծեց. «Ես վստահ եմ, որ Հայաստանը ունի մեծ պոտենցիալ եւ զարգանալու է: Եթե համագործակցենք միացյալ ուժերով, կգտնենք մեր տեղը բոլոր ուղղություններում: Դա հայ ժողովրդին միանգամից, էվոլյուցիոն ձեւով, ոչ ստանդարտ քայլերով կդնի այնտեղ, որը մենք գրավել ենք պատմության մեջ»: