Բավ է պառակտվել
11-06-2015 08:34

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի գլխավորած պատվիրակությունը Վրաստանում է

Հունիսի 10-ին մեկնարկել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան: Ինչպես տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առավոտյան Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբում տեղի է ունեցել հայկական պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է հանդիպում Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-վրացական հարաբերություններին և երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը կարևորել են պաշտպանական ոլորտում երկու հարևան երկրների միջև համագործակցությունը, պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցությունը ռազմական կրթության, անձնակազմի բուժապահովման և պրոֆեսիոնալ սերժանտական կազմի պատրաստության ոլորտներում: Նույն օրը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետին ընդունել են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-վրացական երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային անվտանգության խնդիրներին առնչվող հարցեր: Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և բարձրաստիճան զրուցակիցները միակարծիք են եղել պաշտպանության ոլորտում հայ-վրացական համագործակցության արժևորման հարցում, ընգդծելով երկկողմ կապերի ընդլայնման և նոր ոլորտների ներառման նպատակահարմարությունը: