Բավ է պառակտվել
22-04-2015 10:46

Սա միայն հայերի կորուստը չէր, աշխարհի կորուստն էր. ԵԽ գլխավոր քարտուղար

Ինձ համար իսկապես մեծ պատիվ է այստեղ գտնվել: Այս մասին «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումի ընթացքում ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: «Նաև տխրում եմ, երբ մտածում եմ այն մարդկանց մասին, ովքեր կյանքը կորցրեցին այս ողբերգության ընթացքում»,- ասաց և նշեց, որ այդուհանդերձ հպարտ է նաև, որ այն կազմակերպության ներկայացուցիչն է, որն ընդունեց այն: «Որովհետև մարդիկ հասկացան, որ աշխարհը պետք է հեռացնեն ազգայնականությունից, և մոտեցնեն դեպի միջազգայնականություն»,- ասաց նա և նշեց, որ այդ նպատակով հիմնվեց Եվրոպայի խորհուրդը, նոր դարաշրջան բացվեց, և բոլորն այդպես հեռացան պատերազմներից: «Հատկապես հուզված եմ, որ Նանսենի երկրից եմ»,- ասաց նա և խոսեց նանսենյան անձնագրերի մասին, որը շրջանառության մեջ է դրել Ազգերի լիգան՝ Ֆրիտյոֆ Նանսենի (այստեղից էլ՝ անվանումը) նախաձեռնությամբ ժնևում հրավիրված կոնֆերանսի որոշմամբ 1922թ.-ին։ Այն անձը հաստատող ժամանակավոր վկայական էր, որը տրվել է փախստականներին և քաղաքացիություն չունեցող անձանց Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ «Նանսենը դա ուներ, նա տեսնում էր տառապանքը, ողբերգությունը՝ անկախ քաղաքականությունից և փրկում էր հազարավոր մարդկանց։ Այսօր դա լավագույն պատգամն է, երբ տեսնում ենք մարդկանց տառապանքը պարզապես պետք է գործենք»,- ասաց նա: Նա նշեց, որ հարյուրհազարավոր հայեր դաժանաբար սպանվեցին: «Սա միայն հայերի կորուստը չէր, աշխարհի կորուստն էր»,- ասաց նա։ 

«Բոլորս ունենք պաշտպանելու պարտավորություն:Հայաստանը մեզ օգնում է: ԵԽ-ն շատ է կարևորում ձեր դերը, հատկապես՝ ռասիզմի դեմ պայքարում: Հայ ժողովուրդն ուզում է նույնը, ինչ մնացած մարդիկ են ուզում»,- ասաց նա և նշեց, որ ԵԽ-ն պատրաստակամ է սատարելու երկխոսությունը: «Հայաստանը հույս ներշնող պետություն է, ձեր տառապանքը կարողացել եք ուժի վերածել ինչն այս շաբաթ ամբողջ աշխարհը կարող է տեսնել»,- ասաց նա ու ելույթը եզրափակեց ասելով՝ «Պարոն Նախագահ Ձեզ հետ եմ»: