Բավ է պառակտվել
10-07-2018 12:00

ՀՔԾ ղեկավարը նշել է մարտի 1–ի գործով Խաչատուրովի հարցաքննման ժամկետը

 

Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը նշել է, թե երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կկանչվեն հարցաքննության մարտի 1–ի գործով։

ՀՀ երկրորդ նախագհ Ռոբերտ Քոչարյանը կանչվել է Հատուկ քննչական ծառայություն որպես վկա։ Գործով վկա է կանչվել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։

«Ծանուցագիրն ուղարկվել է Խաչատուրովին հուլիսի սկզբին, և նա հրավիրվել է որպես վկա 2008 թ.–ի մարտի 1–ի գործով։ Նա բացատրել է, որ ժամանակացույցի որոշակի ծանրաբեռնվածություն ունի, և խոստացել է գալ հարցաքննության հուլիսի վերջին», – ասաց Խաչատրյանը երեքշաբթի լրագրողների հետ զրույցում։

Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա Խաչատրյանի խոսքով, նա ևս հրավիրվել է հարցաքննության, սակայն չի ներկայացել։

Խաչատրյանը նշեց, որ նման ընթացակարգերը հստակ սահմանված են օրենքով, որով նախատեսվում է, որ եթե վկան չի կարող ներկայանալ հարցաքննության հարգելի պատճառներով, ապա նա պետք է նախօրոք հայտնի այդ մասին քննչական մարմնին, հակառակ դեպքում նա կարող է բերման ենթարկվել հարկադրաբար։

«Սակայն Քոչարյանը չի ներկայացրել իր բացակայության վերաբերյալ հարգելի պատճառներ, իսկ նրա գրասենյակից հայտնել են, որ նա գտնվում է արտերկրում և չի կարող գալ հուլիսի 25–ից շուտ։ Սակայն հաշվի առնելով այն, որ խոսքը ՀՀ երկրորդ նախագահի մասին է, մենք դեռ որոշում չենք կայացրել նրան բերման ենթարկելու համար», – ասաց Խաչատրյանը։

Ըստ նրա, այսօր Քոչարյանին կրկնակի ծանուցում է ուղարկվել և առաջարկվել է ներկայանալ հուլիսի 26–ին որպես վկա։
«Եթե Քոչարյանը վավեր պատճառներ ունենա հարցաքննմանը չգալու համար, նա պետք է հայտնի այդ մասին մեզ, հակառակ դեպքում, նրա նկատմամբ հարկադիր միջոցներ կձեռնարկվեն», – ասաց Խաչատրյանը։

Նա նշեց, որ եթե վկան չներկայանա հարցաքննության, ապա նախատեսված են հատուկ ընթացակարգեր, որոնցով պետությունը հատուկ քայլեր կձերնարկի` նրան երկիր հարկադիր վերադարձնելու համար։