Բավ է պառակտվել
30-10-2014 15:57

Շանթ Հարությունյանի և ընկերների նկատմամբ կայացված դատավճռի հարցում քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում. Գ. Կոստանյան

«Շանթ Հարությունյանի և ընկերների նկատմամբ կայացված դատավճռի հարցում քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` արձագանքելով լրագրողի այն դիտարկմանը, թե իրավապաշտպանները Շանթ Հարությունյանի դատավճռի մեջ քաղաքական ենթատեքստ են տեսնում: «Ես չեմ տեսնում քաղաքական ենթատեքստ, ես չեմ կարող տեսնել քաղաքական ենթատեքստ, քանի որ քրեական հետապնդման հարուցման և քրեական հետապնդման իրականացման գործընթացում որևէ քաղաքական գործոն կամ որևէ քաղաքական ենթատեքստ չի կարող լինել: Ամբողջ գործը բավականին հիմնավորված, պատճառաբանված և բոլոր տեսագրությունների ապացույցներով հագեցված է: Եթե այդ ամենն օբյեկտիվորեն համադրեք, ինքներդ կտեսնեք, որ քաղաքական ենթատեքստ չի կարող լինել»,- ընդգծեց Գ.Կոստանյանը:Հարցին, թե ինչո՞ւ մյուս գործերի դեպքում իրավապահ մարմինները նման օբյեկտիվություն չեն ցուցաբերում, օրինակ` Սուրիկ Խաչատրյանի ու նրա որդու մասնակցությամբ միջադեպերի նկատմամբ «աչք են փակում», ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց. «Սուրիկ Խաչատրյանի նախկին գործը, որը դուք անվանում եք Սուրիկ Խաչատրյանի գործ, դրա վերաբերյալ ես իմ դիրքորոշումը վաղուց հայտնել եմ, բազմիցս հայտնել եմ և այդ դիրքորոշումը մինչև հիմա էլ պնդում եմ: Ինչ վերաբերում է նրան, որ որդին այս է անում, այն է անում, ցանկացած դեպքում, երբ որ կան հանցագործության մասին հատկանիշներ և կլինեն բավարար հիմքեր ու ապացույցներ, որոնք Քննչական կոմիտեն ձեռք կբերի, ապա համախատասխան անձը կենթարկվի քրեական պատասխանատվության»:Անդրադառնալով հարցին, թե մինչև դատավճիռը անմեղության կանխավարկածի խախտում չէ՞ր, և արդյոք դատարանի որոշման վրա չազդեց, երբ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում հայտարարեց, թե Շանթ Հարությունյանը հանցագործություն է արել, Գ. Կոստանյանն ասաց, որ դատավճիռը կայացվում է ապացույցների հիման վրա և ոչ թե որևէ հայտարարության կամ մեկնաբանության:«Սա ինքնին չի կարող անմեղության կանխավարկածի դաշտում դիտվել, քանի որ անմեղության կանխավարկածի խախտում համարվում է ոչ թե որևէ քաղաքացու, քաղաքական կամ պետական գործչի կողմից նախնական վերաբերմունքը որևէ հարցի վերաբերյալ, այլ այն պաշտոնատար անձի, ով իր իրավասության սահմաններում իրավասու չէ գնահատական տալ մինչև որոշման կայացումը»,- ասաց դատախազը` հավելելով, որ եթե դատարանը մինչև դատավճռի կայացումը այդ մասին դիրքորոշում հայտներ, ապա դա կդիտվեր որպես անմեղության կանխավարկածի խախտում: