Բավ է պառակտվել
15-06-2016 11:43

Որտեղ են նախընտրում հանգստանալ հայ պաշտոնյաները

Նախագահ Սերժ Սարգսյանը ամառային արձակուրդի է մեկնում հիմնականում հուլիսի վերջին։ Նրա հանգստի վայրի մասին պաշտոնապես ոչինչ չի նշվում։
Տեղական լրատվամիջոցները վկայակոչելով իրենց աղբյուրները, նշում են, որ նախագահը սիրում է հանգստանալ Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքի առողջարանում։ Բացի այս, երկու տարի առաջ կրկին մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Սերժ Սարգսյանն իր ձմեռային կարճատև հանգիստն է վայելում Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում։ Ըստ նույն աղբյուրների՝ նրա հետ արձակուրդում էին նաեւ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ու ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ակտիվ հանգստի սիրահար է։ Դեռեւս իր նախագահության տարիներին եւ այժմ էլ Ռոբերտ Քոչարյանը սիրում է հանգստանալ նաեւ Հայաստանում՝ Սևանում, Ծաղկաձորում։

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը տարիներ առաջ տված հարցազրույցում ասել էր, որ նախընտրում է արձակուրդն անցկացնել Հայաստանում, քանի որ չի սիրում երկրից երկար բացակայել։
«Ես շատ երկար չեմ կարողանում Երևանից բացակայել: Ես հանգիստ եմ, բայց բացառված չի, որ ինչ-որ մի տեղ կգնամ, բայց հատուկ նշանակություն չեմ տալիս, որ այս կամ այն տեղը գնամ»,- ասել է նա։ Իսկ հարցին, թե որքան գումար է ծախսում հանգստի վրա՝ պատասխանել է.
«Նայած ուր եմ գնում: Եթե թոռներով ու ընտանիքով ենք գնում, ավելի շատ ենք ծախսում: Օրինակ՝ 1 մլն կամ 1,5 մլն։ Եթե այստեղ ենք լինում ու մի քանի օրով մի տեղ ենք գնում՝ 100 000, 50 000, 200 000»։