22-09-2014 17:03

ՀՀ կառավարությունը գայլերի ոչնչացման համար մոտ 50 հազար դոլար է հատկացրել

ՀՀ կառավարությունը 20 մլն դրամ (մոտ 50 հազար դոլար) է հատկացրել գայլերի չվերահսկվող որսի համար, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է բնապահպան, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը:Ըստ նրա՝ գումարները բնապահպանության նախարարության միջոցով որպես պարգեւ կտրվեն որսորդներին: Այսկերպ կառավարությունը մտադիր է լուծել գյուղացիների եւ անասունների վրա գայլերի հարձակման խնդիրը: Սակայն Ադամյանն ընդգծել է, որ այս մեթոդը ոչ միայն անարդյունավետ է, այլեւ խիստ անցանկալի է գիտական տեսանկյունից, քանի որ գիշատիչների չվերահսկվող որսը կարող է հանգեցնել բնապահպանական հավասարակշռության խախտման՝ դրանից բխող անդառնալի հետեւանքներով:
«Անհրաժեշտ է գիտական մոտեցում ցուցաբերել տվյալ հարցի նկատմամբ: Ես վարչապետ Հովիկ Աբրահամյանին կոչ եմ անում չեղյալ հայտարարել տվյալ որոշումը եւ միջոցները գիտական կենտրոններին ուղղել, որպեսզի այնտեղ գայլերի բազմացման դիտարկում անցկացնեն եւ ուսումնասիրությունների հիման վրա խնդրի քաղաքակիրթ լուծում առաջարկեն», - ընդգծել է բնապահպանը:Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ կենդանիների հարձակման պատճառներից մեկն այն է, որ նրանց կենսամիջավայրը գրեթե ոչնչացվել է, եւ դա քաղցած գիշատիչներին ստիպում է ներխուժել բակավայրեր` սնունդ հայթայթելու:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն արդեն երկու անգամ խոշոր միջոցներ էր հատկացրել գայլերին ոչնչացնելու համար: 2011 թ. այդ գումարը կազմել էր 10 միլիոն դրամ (շուրջ 25 հազար դոլար), 2012 թ.` 20 միլիոն դրամ: Այն ժամանակ սպանել էին 200 գայլ: Ըստ բնապահպանի` բացակայել էին սպանված էգ գայլերի սեռական օրգանները: Ադամյանը դա բացատրել է նրանով, որ էգերի օրգանների օգտագործումը տարածված է մոգությամբ զբաղվող մարդկանց շրջանում: Ըստ նրա տեղեկությունների` մեկ էգի սեռական օրգաններն արժեն 2 – 3 հազար դոլար: