Բավ է պառակտվել
28-01-2015 09:59

Հայոց բանակի մշտարթուն ծառայությամբ ապահով են մեր երկրի սահմանները.Գարեգին Բ

«Այսօր էլ Հայոց բանակի ծառայությամբ ապահով են մեր երկրի սահմանները: Շնորհիվ մեր զինվորների արիության` կանխվում են մեր ժողովրդի խաղաղ կյանքը խափանող ոտնձգությունները»։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայոց բանակի օրվա առթիվ ուղերձ է հղել։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայոց բանակի օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում ի սփյուռս աշխարհի համայն մեր ժողովրդին, հայոց բանակի քաջարի զորավարներին և զինվորներին: Մեր ժողովրդի պարծանքն է պատերազմական հերոսամարտերում ձևավորված ու ամրապնդված Հայոց բանակը, որ մեր նոր պատմության վճռական պահին հայրենասեր սրտով և քաջակորով ոգով մեծ հաղթանակներ նվաճեց` հանուն Հայաստանում և Արցախում մեր ժողովրդի ազատ և խաղաղ կյանքի: Այսօր էլ Հայոց բանակի մշտարթուն ծառայությամբ ապահով են մեր երկրի սահմանները: Շնորհիվ մեր զինվորների և զորավարների նվիրումի ու հավատավոր հոգու արիության` կանխվում են մեր ժողովրդի խաղաղ ու բնականոն կյանքը խափանող ոտնձգություններն ու վտանգները: Մեր մարտիկների փառապանծ ծառայության բարձր գնահատանքով Մեր աղոթքն ենք վերառաքում առ Ամենակալն Աստված, որ Իր խաղաղ օթևաններում ընդունի հանուն հայրենյաց զոհված մեր հերոս զավակների հոգիները և ապավեն լինի ու զորացնի Հայոց բանակի արիասիրտ սպաներին ու զինվորներին ի սեր հայրենյաց իրենց նվիրական կոչման մեջ: Թող Փրկիչ մեր Տերը` Հիսուս Քրիստոս, Իր հանապազ օրհնության ներքո խաղաղ ու անվրդով պահի Հայրենի մեր երկիրը և ապահով ու բարօր կյանք պարգևի բարեպաշտ մեր ժողովրդին»: