Բավ է պառակտվել
20-01-2015 17:47

Վիշտ եւ տրտմություն է ամենքիս սրտերում.Գարեգին Բ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն խոսք է հղել գյումրեցի 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ: Նա, մասնավորապես, նշել է. «Սիրելի սգակիր հարազատներ եւ ժողովուրդ, վիշտ եւ տրտմություն է ամենքիս սրտերում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան տխուր առիթով: Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության վշտին մեր հոգում հավելեց նաեւ ընտանիքի փոքրիկի կորստի ցավը: Սգում ենք ամենքս այս դժվարին պահին եւ աղոթում փոքրիկի հոգու խաղաղության եւ հանգստության համար` խնդրելով, որ Տերը երկնքի լուսեղեն օթեւաններում ընդունի ննջեցյալ մանկան լույս հոգին: Միասնաբար պիտի դիմակայենք այս ողբերգությանը, որ ցնցեց ամենքիս, նաեւ պատճառ դարձավ տագնապների ու հուզումների: Տոկունությամբ ու խոհեմությամբ տանենք այս վիշտը, զերծ մնանք ցնցումներից եւ ցավն ու սուգը հաղթահարենք առ Աստված հավատքով` հարգանքի մեր տուրքը մատուցելով լուսահոգի մեր հայրենակիցների հիշատակին: Աղոթում ենք վերստին Ավետիսյան ընտանիքի զոհված անդամների հոգու հանգստության համար, որպեսզի Տերը արարչական Իր սիրով արժանացնի հավիտենական կյանքի երանությանը եւ Սուրբ Հոգով մխիթարի վշտացյալ բոլոր սրտերը: Առ Բարձրյալն Աստված Մեր հայցն ենք վերառաքում, որ այլեւս նման փորձություններ չտեսնի հավատավոր մեր ժողովուրդը եւ ապրի խաղաղության ու ապահովության մէջ: Թող Տերը զորակից լինի մեզ եւ Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի ազգս հայոց: Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի. ամէն»: