Բավ է պառակտվել
28-01-2015 09:41

Բանակի օրվա առթիվ Գալուստ Սահակյանը պարգեւատրել է ՀՀ ԶՈՒ մի խումբ զինծառայողների

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 27-ին Ազգային ժողովում ընդունել է մի խումբ զինծառայողների: Շնորհավորելով Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ` Գալուստ Սահակյանը մասնավորապես նշել է. «Մեր բանակը թեեւ ընդամենը 23-ամյա երիտասարդ է, սակայն հասուն է, ինչպես պատկառելի տարիք ունեցող իմաստունը: Իմաստությունն ու հսկայական փորձը հայկական բանակը ձեռք է բերել դժվարությամբ՝ արձանագրելով մեծ հաջողություններ ու, ցավոք, նաեւ ծանր կորուստներ»: Խոսելով կորուստների մասին՝ խորհրդարանի ղեկավարը մասնավորապես նշել է այս տարվա սկզբից սկսված լարվածության, դրա հետեւանքների, հերոսաբար ընկածների մասին՝ մասնավորապես նշելով. «Այս օրերին էլ հայկական բանակի մի խումբ սպաներ ու զինվորներ հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցրին իրենց կյանքի գնով եւ ընկան հերոսաբար»: Ազգային ժողովի նախագահի առաջարկությամբ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհված զինծառայողների հիշատակը:
Այնուհետեւ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել զինծառայողների ծնողներին, մաղթել , որ ամեն բացվող օր նրանք դիմավորեն ժպիտով ու իրենց զավակներից կամ նրանց մասին լսած բարի լուրով: Հանդիպման ավարտին ՀՀ Ազգային ժողովի նախագահը ՀՀ ԱԺ պատվո մեդալով պարգեւատրել է ՀՀ ՊՆ զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանին: Մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են պատվոգրերով եւ հուշանվեր-անվանական ժամացույցներով: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր երախտագիտությունն է հայտնել Ազգային ժողովի նախագահին եւ պատգամավորներին՝ բանակը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու եւ բանակին աջակցելու համար: