09-09-2014 13:37

Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կատարած դատապարտյալն առողջական լուրջ խնդիրներ ունի

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Գագիկ Մաթևոսյանն ունի ծանր հիվանդություն, որն ընդգծված է կառավարության որոշմամբ հաստատված ծանր հիվանդությունների ցանկում, ինչը նշանակում է, որ նա կարող է ազատվել պատժից: Այս մասին, այսօր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մաթևոսյանի պաշտպան Արթուր Գրիգորյանը:
«Եթե նման հիվանդությունների դեպքում կալանավորին շարունակում են անազատության մեջ, խոշտանգումների լուրջ խնդիր է առաջ գալիս»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Գագիկ Մաթևոսյանն անազատության մեջ է 2009 թ. մայիսի 25-ից: 2011 թ. դատարանի որոշմամբ նա դատապարտվել է 14 տարվա ազատազրկման: Ըստ մեղադրական եզրակացության, Երևանի բնակիչ Գագիկ Մաթևոսյանը, ով հայտնի է «Մուսկուլ Գագո» մականվամբ, 2006 թվականի կեսերից ձևավորել է 6 անձանցից կազմված բանդա և մշակել պաշտոնատար անձանց սպանելու ծրագրեր: Գագիկ Մաթևոսյանը անմիջական մասնակցություն է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ իր կազմակերպած սպանության հանցափորձի կատարմանը։
Ա. Գրիգորյանի խոսքով, Գ. Մաթևոսյանը ռազմական գործողությունների ժամանակ ականի պայթյունից կորցրել է ձախ աչքը, իսկ աջ աչքի տեսողությունն այսօր իջել է մինչև 0,05 տոկոս: Ըստ պաշտպանի, մինչ այժմ իրավասու ոչ մի մարմին այդ հարցով չի դիմել դատարան՝ այսինքն, ըստ գործող կարգի, պետք է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը միջնորդագրով դիմի դատարան, որպեսզի դատարանը լուծի վաղաժամկետ ազատման հարցը:
Փաստաբանն այս հարցով դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն, ըստ նրա, կարող է ՄԻԵԴ-ի որոշումն արդեն անիմաստ լինի:
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք այդ անտարբերությունը կարող է քաղաքական դրդապատճառներ ունենալ, քանի որ բանդայի գործով, Գագիկ Խաչատչրյանի վրա մահափորձ կատարելու մեղադրանքով է դատապարտված, փաստաբանն ասաց. «Մահափորձի հետ կապված մենք համոզված ենք, որ թեև դատավճիռն էլ օրինական ուժի մեջ է, շինծու գործ է: Դրդապատճառները քաղաքական բնույթի են եղել, թե կոնկրետ անձի կամ անձանց մեկուսացնելու անհրաժեշտություն է եղել, չունենալով հստակ ապացույցներ՝ միայն հայտարարելու համար չէի ցանկանա հայտարարել: Դրդապատճառները կարող են շատ տարբեր լինել»: