Բավ է պառակտվել
28-01-2014 14:16

Հայոց բանակի 22-ամյակի կապակցությամբ շնորհավորում է նաև ԲՀԿ նախագահը

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակը տարածել է Հայոց բանակի օրվա առիթով նրա շնորհավորական ուղերձը, որում ասվում է հետևյալը.

«Սիրելի' հայրենակիցներ,

սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի կազմավորման 22-ամյակի կապակցությամբ: Արդեն 22 տարի շարունակ այս տոնը խորհրդանշում է մեր հայրենիքի անկախությունն ու խաղաղությունը: Բոլորս էլ հիշում ենք, որ տարածաշրջանում ամենամարտունակի համարումն ունեցող մեր բանակը ձևավորվեց հայ ազգի համար շատ դժվարին ու պատասխանատու ժամանակահատվածում: Իբրև հայ ժողովրդի անբաժանելի մի մասնիկ մեր բանակը ևս կրեց անցումային փուլի բոլոր դժվարությունները, բայց պատվով իրականացրեց ու իրականացնում է իր առաքելությունը և այսօր հանդիսանում է բարձր մարտունակության ռազմական միավոր և տարածաշրջանային կայունության ու խաղաղության կարևոր երաշխիք: Այսօր արդեն Հայոց բանակը կայացած է և մեր հպարտությունն է:

Սրտանց շնորհավորում եմ Հայոց բանակի զինվորներին, սպաներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայկական բանակի կազմավորման, նրա կայացման ու հզորացման գործում։ Հայոց բանակի հաղթական տոնի կապակցությամբ կրկին ու կրկին շնորհավորում եմ մեր ժողովրդին, մաղթում մեր զինվորներին բարի ծառայություն, նրանց ծնողներին՝ համբերություն, հայոց երկրի սահմաններին՝ անառիկ ամրություն ու խաղաղություն։ Հավերժ փառք ազատամարտիկներին, զինվորներին ու սպաներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հայրենիքի ու ժողովրդի համար: Հավերժ փառք Հայոց բանակին":