Բավ է պառակտվել
18-06-2016 08:36

Գագիկ Բեգլարյան. «Առաջին կարգի ճանապարհ ենք ունենալու մինչև Սև ծով»

«Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման պատասխանատուները վստահեցնում են, որ սա հարուստ Հայաստան ստեղծելու նախապայման համարվող լավ ու ռազմավարական կարևորություն ներկայացնող ճանապարհ է:

Ճանապարհի հիմքում խորհրդանշական պարկուճի տեղադրմամբ հունիսի 17-ին ազդարարվեց «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի՝ Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների մեկնարկը:

«Ամեն ինչ արվում է, որ առաջին կարգի ճանապարհ ունենանք մինչև Սև ծով»,- վստահեցրեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը։

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ (18,7 կմ) և Լանջիկ-Գյումրի (27,5 կմ) ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների մեկնարկն ազդարարվեց Երևան-Գյումրի մայրուղու Լանջիկ համայնքի մոտ։

Ծրագիրն իրականացվում է բազմատրանշ ֆինանսավորման տարբերակով: Այն բաժանված է առանձին տրանշերի, որոնց շրջանակում կնքվել են վարկային առանձին պայմանագրեր:

«Լավ ճանապարհներ չի նշանակում միայն երթևեկելու համար ապահով ու հարմար ճանապարհ՝ ՀՀ և այլ երկրների քաղաքացիների համար, այլ նաև մարզերի կենսամակարդակների բարձրացման համար, լավ ճանապարհներին պետք են նաև լավ ներդրողներ՝ լավ ներդրումների համար»,- հանդիսավոր միջոցառման ժամանակ նշեց Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Հայտարարված միջազգային մրցույթների արդյունքներով՝ որպես նվազագույն գնային առաջարկ և տեխնիկապես բավարար գնահատված հայտ ներկայացրած կազմակերպություն, չինական Սինոհիդրո Քորփորեյշն ընկերության հետ ստորագրվել են Թալին-Գյումրի ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների 46,2կմ ճանապարհի կառուցման կապալային համապատասխան պայմանագրեր՝ շուրջ 140 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, ներառյալ ԱԱՀ-ն:

«Հայաստանի պայմանները շատ նման են Ռուսաստանի պայմաններին, որտեղ աշխատել ենք, այդ պատճառով թիմը ծանոթ է նմանատիպ պայմաններին և խնդիրներ չեն առաջանա: Ծրագրի գլխավոր, տեխնիկական, քիմիական ինժեներները, ծրագրի մենեջերը նույն թիմում են աշխատել տարբեր երկրներում, ծանոթ են տարբեր երկրների պայմաններին, այդ իսկ պատճառով վստահ եմ՝ Հայաստանում էլ խնդիրն չեն առաջանա»,- լրագրողներին վստահեցրեց SINOHYDRO ընկերությունը Լանջիկ-Գյումրի, Թալին-Լանջիկ ծրագրերի պատասխանատու Վեն Սիաոն:

Աշխատանքների ավարտը նախատեսված է համապատասխանաբար՝ 2018 թվականի տարեվերջին և 2019 թվականի տարեսկիզբին: «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3-ի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարությունը համաֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի կողմից և Եվրոպական միության հարևան երկրների համագործակցության շուրջ 12 մլն եվրո դրամաշնորհի ֆինանսական միջոցներով: