18-02-2016 11:41

ՌԴ-ում 14 մարդ է ձերբակալվել ԻՊ-ի համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու գործով

Մոսկվայի մարզում 14 մարդ է ձերբակալվել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների համար կեղծ փաստաթղթեր պատրաստելու գործով։ Այդ մասին հաղորդում է ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը։ 
Հատուկ ծառայության տվյալներով՝ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության հետ համատեղ իրականացված հատուկ գործողության ընթացքում բացահայտվել է միջազգային հանցավոր խմբավորում, որի հաճախորդները եղել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՊՀ այլ երկրների քաղաքացիները։
Խմբի անդամները «կեղծ փաստաթղթեր են պատրաստել ԻՊ-ի շարքերում մարտական գործողություններին մասնակցելու նպատակով Սիրիա գնացող գրոհայինների, ինչպես նաև նրանց համար, ովքեր Ռուսաստան են ուղարկվում ԻՊ-ի ղեկավարների կողմից՝ ահաբեկչական և ծայրահեղական գործողություն իրականացնելու համար», նշվում է հաղորդագրությունում։ 
Խմբավորման հաճախորդների երրորդ խումբը եղել են սովորական անօրինական ներգաղթյալները։