20-09-2016 09:01

Freedom House-ը ՀՀ-ն ու ԼՂՀ-ն «մասամբ ազատ» է անվանել` ի տարբերություն Ադրբեջանի և ՌԴ-ի

Հայաստանը և Լեռնային Ղարաբաղն ընդգրկվել են Freedom House միջազգային ոչ կառավարական կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2016» (Freedom In the World - 2016) զեկույցի «մասամբ ազատ» երկրների ցուցակում։

Վարկանիշի վատագույն ցուցանիշը 0–ն է, լավագույնը` 100–ը։ Հայաստանը վարկանիշում հավաքել է 46 միավոր, իսկ Լեռնային Ղարաբաղը, որն ընդգրկվել է 15 «վիճելի տարածքների» խմբում` 33 միավոր։

Freedom In the World – 2016 զերկույցը գնահատում է 195 անկախ պետությունների և 15 վիճելի տարածքների հասարակ քաղաքացիների իրավունքների և ազատությունների հետ կապված իրավիճակը։

Զեկույցում գնահատվում է նաև երկրների քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների մակարդակը 1–ից 7 սանդղակով, որտեղ 1–ն առավելագույն ազատության ցուցանիշ է, իսկ 7–ը` նվազագույն։ Հայաստանը ՔԻ–ով հավաքել է 5 միավոր, իսկ ՔԱ–ով` 4։ Լեռնային Ղարաբաղը երկու ցուցանիշներով հավաքել է հնգական միավոր։

Զեկույցում ընգրկված հետխորհրդային պետություններից «մասամբ ազատ» երկրների խմբում, բացի Հայաստանից, ընդգրկվել են նաև Վրաստանը (64 միավոր), Ղրղըզստանը (38), Մոլդովան (60) և Ուկրաինան (61)։ «Անազատ» երկրների խմբում են Ադրբեջանը (16), Բելառուսը (17), Ղազախստանը (24), Ռուսաստանը (22), Տաջիկստանը (16), Թուրքմենստանը (4) և Ուզբեկստանը (3)։ Իսկ Լատվիան, Լիտվան և Էստոնիան միավորված են «ազատ» երկրների խմբում, համապաըասխանաբաչ, 86, 91 և 94 միավորով։

Տարածաշրջանի երկրներից Իրանը (17) ներառվել է «անազատ» երկրների ցուցակում, իսկ Թուրքիան (53) գնահատվել է որպես «մասամբ ազատ» պետություն:

Ընդհանուր առմամբ, 195 երկրներից միավորների քանակով առավել «ազատ» երկրների թվում են` Նորվեգիան, Սան Մարինոն և Շվեդիան (100-ական միավոր), Կանադան և Նիդեռլանդները (99-ական միավոր), ինչպես նաև Ավստրալիան, Բարբադոսը, Դանիան, Լիխթենշտեյնը, Լյուսքսեմբուրգը, Նոր Ջելանդիան և Ուրուգվայը (98-ական միավոր): Ընդհանուր 86 «ազատ» կամ 44 տոկոս կազմող երկրների ցուցակում ներառված պետություններում բնակվում է 2,9 մլրդ մարդ:

«Մասամբ ազատ» երկրները 59–ն են կամ 30 տոկոսը` 1,8 մլրդ ընհանուր բնակչությամբ:

Առավել «անազատ» երկրներ են կոչվել Սոմալին (2), Էրիթրեան, Հյուսիսային Կորեան և Ուզբեկստանը (3-ական միավոր): Այս խմբում ներառված Սիրիային տրվել է -1 միավոր: Այս ցուցակի մեջ ներառվել է 50 պետություն կամ 26 տոկոս, որոնցում բնակվում է 2,6 մլրդ մարդ: