Բավ է պառակտվել
04-03-2015 13:37

Հայոց ցեղասպանության թեմայով փառատոն Օսլոյում

Օսլոյում այս օրերին ընթացող «Red Zone» փառատոնի թեման Հայոց ցեղասպանությունն է: Փառատոնի շրջանակներում մարտի 3-ին տեղի է ունեցել «Մոռացության 100 տարիներ» անվանումով համերգը, որին մասնակցել են երգիչ-երաժիշտներ Հայաստանից, Նորվեգիայից, Թուրքիայից, Իրանից: Փառատոնի ծրագրում մարտի 3-ից 8-ը ընդգրկված են Լեհաստանի Վրոցլավ քաղաքի «ԶԱՌ» թատրոնի «Արմինե՛, քույր» թատերական ներկայացումը, լեհ լուսանկարիչ Մագդալենա Մադրայի «Պատկերներ Անատոլիայից» ֆոտոցուցահանդեսը, շվեդահայ կինոռեժիսոր Սյուզան Խարտալյանի «Տատիկիս դաջվածքները» ֆիլմի ցուցադրությունը, «Աշխարհի կողմից մոռացվածը. Արեւմուտքի ընտրովի հիշողությունը» թեմայով քննարկում` Լոնդոնից «Կոմիտաս» ինստիտուտի հիմնադիր տնօրեն Արա Սարաֆյանի, Օսլոյից «Սիվիտա» քաղաքական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Բորդ Լարսենի եւ լրագրող Սեբինա Սկատվիկի մասնակցությամբ: Նշենք, որ «Red Zone»-ը փառատոն է, որն ընդգծում է խոսքի ազատության արտահայտումն արվեստի միջոցով` ցույց տալով արվեստի ուժը` լույս սփռելու մարդկության պատմության մոռացության խավարի վրա եւ դատապարտելու անցյալում տեղի ունեցած հանցագործությունների ժխտողականությունը: Այն անցկացվում է ամեն տարի հերթականորեն Օսլոյում եւ Մերձավոր արեւելքի երկրներից մեկում: Փառատոնն առաջին անգամ տեղի է ունեցել Օսլոյում 2013թ., այնուհետեւ` Բեյրութում եւ Կահիրեում: