Բավ է պառակտվել
14-04-2015 09:47

Իսրայելի պաշտոնական պատվիրակությունը կմասնակցի Երևանում ապրիլի 24-ին կայանալիք միջոցառումներին

Իսրայելի Քնեսեթի պատգամավորների պատվիրակությունը կայցելի Հայաստան Հայոց Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ նախատեսվող միջոցառումներին մասնակցելու: Նշվում է, որ Հայաստան կատարվելիք պատգամավորների պատվիրակության այցը չի փոփոխում Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: Ավելի վաղ իսրայելցիների նախաձեռնող խումբը ստորագրահավաք է սկսել Հայոց Ցեղասպանությունը Իսրայելի կողմից պաշտոնապես ճանաչելու պահանջով: Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերին Քնեսեթում առաջին անգամ քննարկվեց Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Այդ թեման օրակարգում հայտնվեց պատգամավորներ Զաավ Գալյոնի (ՄԵՐԵՑ) և Արյե Էլդադի (Իխուդ Լեումի) շնորհիվ խորհրդարանական կոալիցիայի նախագահ Զեև Էլքինի (Լիքուդ) ակտիվ աջակցությամբ: Դիմելով իր խորհրդարանական գործընկերներին՝ Էլքինը ասել է. «Իսրայելը Հայոց Ցեղասպանությունը վերջինը ճանաչացած քաղաքակիրթ աշխարհի պետության համբավ ձեռք բերելու բարոյական իրավունք չունի: Այսօրվա նիստը առանց որևէ չափազանցության կաևելի է համարել պատմական իրադարձություն, քանի որ Քնեսեթում առաջին անգամ է պաշտոնապես քննարկվում տվյալ հարցը: Հուսով եմ, որ դրան կհաջորդի էլ ավելի ծանրակշիռ պատմական իրադարձություն. Իսրայելի կողմից պետական մակարդակով հայ ժողովրդի Ցեղասպանության ճանաչումը: Թույլ տվեք հիշեցնել Ադոլֆ Հիտլերի՝ աշխարհի ամենարյունարբու բռնակալներից մեկի խոսքերը, ով պատասխանատու է հրեա ժողովրդի ցեղասպանության համար. «Ամենևին կարևոր չէ, թե ինչ են իմ մասին մտածում թույլ եվրոպական քաղաքակրթության ներկայացուցիչները… Վերջ ի վերջո, ո՞վ է այսօր հիշում հայերի ոչնչացման մասին»: Արդեն իսկ այդ մի արտահայտությունը բավական է, որպեսզի մենք գիտակցենք հայ ժողովրդի ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությունը: Որովհետև եթե մենք դա չանենք, էլի ի՞նչ կարելի է ասել այլ ժողովուրդների մասին»: Հաշվի առնելով տվյալ հարցի կարևորությունը՝ 2011 թվականին կայացած քննարկմանը մասնակցեց նաև Քնեսեթի խոսնակ, իսկ այժմ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, չնայած այն հանգամանքին, որ Ազգային անվտանգության հարցերով խորհրդի նախագահ, գեներալ-մայոր Յակով Ամիդրորը խնդրել էր նրան հետաձգել տվյալ հարցի քննարկումը: