Բավ է պառակտվել
13-03-2014 16:31

Եզդիները շնորհակալ են հայ ժողովրդից

Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանը նշեց, որ Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիներին են՝ մոտ 60 հազար: Ըստ նրա Հայոց պետականությունը նաև իրենց պետականությունն է:
՛՛ Երբ Հայաստանն անկախացավ, անկախացավ նաև եզդի ժողովուրդը: Մենք շնորհակալ ենք հայ ժողովրդին: Հայաստանը միակ երկիրն է, որ մեր երիտասարդները բարձրագույն կրթություն են ստանում, մշակույթին են առնչվում: 32 դպրոցներում եզդերեն լեզվով դասավանդում կա, մենք ռադիոհաղորդում ունենք: Իրաքի հատվածում գտնվող եզդիները նման հնարավորություններից զրկված են»:

Ազիզ Թամոյանի խոսքով, մեկ խնդիր կա. այն գյուղերում, որ դասավանդում են եզդերենով, մեթոդիստներ չունեն: Պետք է պետական մակարդակով դա արվի:

՛՛ Մեր ուսուցիչները պետք է վերապատրաստվեն, դա բացակայում է: Մենք բազմաթիվ անգամ դիմել ենք, բայց այս հարցը չի լուծվել՛՛,-նշեց Թամոյանը:

Անդրադառնալով աղջիկների կրթության խնդրին, նա ցանկություն հայտնեց, որ աղջիկներն էլ բարձրագույն կրթություն ստանան, հետո ամուսնանա: Բայց մյուս կողմից էլ կա ազգային ադաթն ու սովորույթը, որը խախտել չեն կարող:

«Ես շատ տեղերում կշտամբել եմ, որ աղջիկներին շուտ են ամուսնացնում, բայց դե դա մեր ավանդույթն է: Մեր ազգային ծրագրի խնդիրն էլ է այն, որ մեր երեխաները կրթվեն»,- ասաց նա:

Ազիզ Թամոյանի խոսքով, եզդի համայնքում կա նաև արտագաղթի խնդիրը, դա էլ պայմանավորված է աշխատանքի բացակայությամբ: