Բավ է պառակտվել
13-02-2014 18:10

Գուրգեն Եղիազարյանը մեկուսարաններում ստիպողաբար կեղծ ցուցմունքներ է կորզել. ԱԱԾ

ԱԱԾ-ն լրատվամիջոցներին ուղարկել է մի հաղորդագրություն, որով անրադարձ է կատարում ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի անցյալին: Ըստ հաղորդագրության, վերջինիս՝ հարցերին ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները պարզապես զավեշտի են նման, դրանք պարզապես հիվանդ երևակայության արդյունք են:
Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.
՛՛Լրատվամիջոցներում, տարբեր հեռուստահաղորդումների ժամանակ ՀՀ Ազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ, հաճախ հնչում են պարզաբանումներ, մեկնաբանություններ, որոնց հեղինակը , որպես ազգային անվտանգության նախկին փոխնախարար ներկայացող Գուրգեն Եղիազարյանն է:
Հարցերին նրա ոչ պրոֆեսիոնալ մոտեցումները, շատ անգամ զավեշտի հասնող մեկնաբանությունները, հիվանդ երևակայությամբ ծնված հայտարարությունները հարկավ հանրության աչքին ևս մեկ անգամ երևալու, իր մասին հիշեցնելու համար են: Սակայն դա շատ վիրավորական է և զայրույթ է առաջացնում Ազգային անվտանգության համակարգի աշխատակիցների և Գուրգեն Եղիազարյանին իսկապես ճանաչող մարդկանց մոտ: Քաղաքական դաշտում այդպես էլ իր տեղը չգտած, պարբերաբար կուսակցություններ ու քաղաքական թիմեր փոխած այս անձնավորությունն առանձնակի ուշադրության արժանի էլ չէ, բայց երբ փորձում է հանդես գալ, որպես «վաստակավոր հետախույզ» և մասնագիտական եզրակացություններ անել, վիրավորելով իրենց աշխատանքին իսկապես նվիրված, արհեստավարժ մասնագետներին, հարկ ենք համարում հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու համար հրապարակել որոշ փաստեր, որոնք կդիմակազրկեն Գուրգեն Եղիազարյան կոչվածին:
Նախկին միլիցիոներ Գուրգեն Եղիազարյանը ՆԳՆ կադրերի տրամադրության տակ էր, երբ Ազգային անվտանգության պետական վարչության պետ Դավիթ Շահնազարյանի հետ ունեցած բարեկամական կապի շնորհիվ նշանակվեց ԱԱՊՎ պետի տեղակալ և այդ պաշտոնը զբաղեցրեց ընդամենը 7-8 ամիս: Լինելով ղեկավար պաշտոնում՝ նա այդպես էլ չկարողացավ հասկանալ Ազգային անվտանգության համակարգի էությունն ու նշանակությունը, աշխատանքային նրբություններն ու յուրահատկությունները:
Պաշտոնի նշանակվելուն պես Գուրգեն Եղիազարյանը սկսեց կարգադրել հակահետախուզության աշխատակիցներին զբաղվել մի բանով, որը նրանց գործառույթներին բնորոշ չէր, գործունեության ոլորտի հետ ընդհանրապես կապ չուներ` բացահայտել կեղծ կոնյակի արտադրությամբ, բենզինի վաճառքով զբաղվողների և այլ հաջողակ տնտեսվարողների ինքնությունը: Պարբերաբար իր աշխատասենյակում «հյուրընկալում» էր հայտնի բիզնեսմենների և նրանց հետ «զրույցներ» ունենում:
Ապարանից եկած միջին տարիքի «գուշակ» կնոջ հետ նրա ամենօրյա հանդիպումներից հետո, ցուցումների տարափ էր թափվում հակահետախուզության աշխատակիցների վրա` ատոմակայանին, գնացքներին, ավտոմեքենաներին և այլ օբյեկտներին սպառնացող վերահաս վտանգների, պայթյունների մասին: Այս գուշակի «կանխատեսումներից» հետո բավականին ուժ ու միջոցներ էին կենտրոնացվում այդ ուղղություններով` խաթարելով համակարգի բնականոն աշխատանքը, և ոչ մի անգամ այդ «կանխատեսումները» չէին հաստատվում, իսկ Գուրգեն Եղիազարյանը դարձյալ ոչ մի հետևություն չէր անում: Ավելին, հավատացնում էր, որ ինքը ևս կապեր ունի տիեզերական ինչ-ինչ ուժերի հետ և շատ դեպքերում չհասկանալով , թե մենք ինչով ենք զբաղված, փորձում էր արտերկրային ինչ-որ ուժերի ազդեցությամբ մտնել մեր գործելաոճի մեջ ու թելադրել:
Գ. Եղիազարյանը ունակ էր ափերից դուրս գալ և անվայել վարք դրսևորել, եթե օպերատիվ աշխատակիցը, ինչ-որ փաստաթղթում, նրա ստորագրությունից ավելի բարձր տեղում էր ստորագրել: Ելնելով իր նախկին աշխատանքային փորձից նա չէր կարողանում պատկերացնել, որ հակահետախուզության օպերլիազորը կարող է և չտարբերել թմրանյութի մի տեսակը մյուսից` ամոթանք էր տալիս «չեռնյաշկան-պլանից» չտարբերողին: Նման վարքագծի պատճառներից մեկն էլ, հավանաբար, այն էր, որ Գուրգեն Եղիազարյանը իրեն թույլ էր տալիս պարբերաբար աշխատանքի ներկայանալ ոչ սթափ վիճակում, որը մեր հաստատությունում բնավ ընդունված չէ: Գալիս էր հարբած, ատրճանակը դնում սեղանին և ննջում բազկաթոռին:
Ռազմաարդյունաբերական համալիրները սպասարկող ազգային անվտանգության աշխատակիցներին Գուրգեն Եղիազարյանը կարգադրում էր աշխատել միայն համալիրի տնօրենի քարտուղարուհու հետ, իսկ մնացած միջոցներն ու մեթոդները անհուսալի ու ավելորդ էր համարում: Եվ այս մարդը մեզ սովորեցնում է լրտեսների հետ «պայքարելու» ձևերը:
ԱԱԾ աշխատակիցները լավ են հիշում նաև նրա վարքը մեկուսարանում, ուր նա կարող էր ձեռքերին ազատություն տալ, ստիպողաբար կեղծ ցուցմունքներ կորզել և դրանով իսկ խաղալ մարդկային ճակատագրերի հետ: Գուրգեն Եղիազարյանն այդ մի քանի ամսվա ընթացքում այնպիսի ատելություն առաջացրեց, որ, չդիմանալով նման գործելաոճին, ԱԱ քննչական վարչության փորձառու պետ Վլադիմիր Սարգսյանը ստիպված եղավ հեռանալ համակարգից: Նրա համար շատ ծանր էր, որ երկար տարիներով ստեղծված համբավը, հատուկ մթնոլորտը ինչ-որ մեկը կարող է իր անբարո վարքով կազմաքանդել: Միայն Դավիթ Շահնազարյանի շնորհիվ հնարավոր եղավ համակարգ վերադարձնել իսկապես պրոֆեսիոնալ այդ աշխատակցին:
Գուրգեն Եղիազարյանն, ընկնելով մտածածին սենսացիաների ետևից, անգամ փորձեց կուսակցություններից մեկի դեմ ստեղծել շինծու, վարկաբեկիչ փաստեր` սուտը ճշմարտության տեղ մատուցելով: Մեծ դժվարությամբ հաջողվեց կասեցնել գործընթացը:
Նրա պարզունակ ուղեղը այդպես էլ չընկալեց, որ ազգային անվտանգությունը ունի գործունեության որոշակի առանձնահատկություններ և կանոններ, պահանջում է մասնագիտական որակներ ու հմտություններ: Նրան հասու չեղավ, որ այս ոլորտում յուրաքանչյուր չմտածված «նորամուծություն» կարող է սպառնալիք դառնալ պետության անվտանգության համար:

Այժմ էլ իր կենսագրության նշյալ 7-8 անփառունակ ամիսները Գուրգեն Եղիազարյանն ուռճացնում է և ներկայանում որպես ազգային անվտանգության «պրոֆեսիոնալ» ու երկարամյա աշխատանքային փորձ ունեցող պաշտոնյա, ով իբր տիրապետում է համակարգի նրբություններին ու գործելաոճին: Հասկանալի է, որ դրանով նա փորձում է ինչ-որ կերպ կարևորել իր անձը և ազգային անվտանգության համակարգի մասին պատկերացում չունեցող իր գործընկերների մոտ լուրջ մասնագետի տպավորություն թողնել: Իրականում նա ինչ չափով առնչություն ունի Ազգային անվտանգության համակարգի հետ և արդյոք ունի բարոյական իրավունք խոսելու ազգային անվտանգության համակարգի շուրջ՝ պարզ է դառնում վերոշարադրյալից: Ինչ վերաբերում է նրա ներկայիս «գործունեությանը», ապա ժամանակին պատասխանատվության չենթարկվելը, ըստ երևույթին, նրան ամենաթողության պատրանքով է համակել և պատուհաս դարձրել հանրության համար:
ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք ազգային անվտանգությանը վերաբերող հարցերի մասին մասնագիտական գնահատականներ փնտրելիս դիմել Ազգային անվտանգության ծառայությանը կամ վետերաններին, այլ ոչ թե պատահական մարդկանց, որոնք շատ հեռու են մեր համակարգից և, Աստծո սիրո, մի նշեք, որ նա մեր ծառայակիցն է եղել թեկուզ մի քանի ամսով, այն չափազանց վիրավորական է մեզ համար:
ՀՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ՛՛: