29-10-2014 08:25

Հայկական հարցը Թուրքիայի համար ամենակարեւորը չէ. Մահչուփյան

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական նշանակված հայազգի Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, թե Թուրքիայի համար Հայկական հարցը ամենակարեւոր հարցը չէ։ Արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության թուրքական ծառայության թղթակցի հետ զրույցում նշել է, թե քրդերի եւ մյուսների համար Թուրքիայի ներկա իշխանություններից ավելի լավը չկա։ Լրագրողի այն հարցին, թե Մահչուփյանի հայ լինելն օգնելո՞ւ է Հայկական հարցի կարգավորմանը, Մահչուփյանը պատասխանել է. «Եթե քուրդը նշանակվեր, իհարկե, իր նպաստը կունենար քրդական հարցի կարգավորմանը, ալեւի նշանակվեր, ալեւիների հարցերի կարգավորմանը կնպաստեր։ Ես հայ եմ, իհարկե, ես էլ Հայկական հարցի կարգավորման մեջ իմ նպաստը կունենամ։ Սակայն Հայկական հարցը Թուրքիայի ամենակարեւոր հարցերից չէ։ Բացի այդ, ես Թուրքիայի հայ համայնքը ներկայացնելու լիազորություններ չունեմ, իսկ այդ հարցում գլխավոր դերակատարը Թուրքիայի հայկական համայնքն է, Հայկական սփյուռքն է»,-ասել է Էթյեն Մահչուփյանը։ Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հրամանով ստամբուլահայ լրագրող Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական։