Բավ է պառակտվել
01-04-2015 13:20

«Հաղթանակի էստաֆետը» կանցնի Հայաստանում ապրիլի 2-ից 7-ը

Հայաստանում ապրիլի 2-ից 7-ը կանցնի «Հաղթանակի էստաֆետի» հերթական փուլը: Էստաֆետը նվիրված է Մեծ Հայրենական պատերազմում սովետական ժողովրդի տարած հաղթանակի 70-ամյակին: Ինչպես հայտնել են Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչությունից, ապրիլի 2-ին տեղի կունենա Մոսկվայից ժամանած էստաֆետի խմբի հանդիպումը և Հաղթանակի էստաֆետի խորհրդանիշի հանդիսավոր փոխանցումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերին: Ապրիլի 2-ից 4-ը էստաֆետը կանցնի Հայաստանի Հանրապետության կառավարությանը կից Ազգային անվտանգության ծառայության կողմից պաշտպանվող պետական սահմանի հատվածով: Ապրիլի 4-ին Գյումրիում տեղի կունենա Հայաստանի սահմանապահների կողմից էստաֆետի հանդիսավոր հանձնումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության աշխատակիցներին: Ապրիլի 4-ից 7-ը էստաֆետի խումբը կանցնի հայ-թուրքական և հայ-իրանական պետական սահմանի հատվածով: Ապրիլի 7-ին Հաղթանակի էստաֆետը կհեռանա հանրապետության տարածքից և կփոխանցվի Կարելիա Հանրապետության Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչությանը: Էստաֆետի ընթացքում կկազմակերպվեն հիշատակի միջոցառումներ մարզերի ղեկավարության մասնակցությամբ, ինչպես նաև հանդիպումներ պատերազմի վետերանների և սահմանապահ զորքերի հետ: