Բավ է պառակտվել
18-08-2014 15:31

Եթե դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, ապա այսօր եզդի ժողովրդի հետ տեղի չէր ունենա այն, ինչ տեղի է ունենում. Ռուբեն Մելքոնյան

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Մերձավոր Արևելքում՝ Արևմուտքի երկակի քաղաքականության հետևանքն է: Լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ ասելով, թե այն, ինչ տեղի է ունենում եզդի ժողովրդի հետ, նույն ձեռագիրն է, ինչ տեղի էր ունենում Սիրիայում:

«Մի կողմից Արևմուտքը զինում է իսլամիստներին, մյուս կողմից՝ քննադատում և ռմբակոծում: Ինչ վերաբերում է Թուրքիայի պահվածքին, ապա ծայրահեղ իսլամիստներին աջակցելու առումով Թուրքիան անսահման մեծ դերակատարում ուներ, և Քեսաբ ծայրահեղ իսլամիստները հենց թուրքերի աջակցությամբ էին մտել: Եվ այսօր այն ծայրահեղականները, ովքեր իրականացնում են եզդիների ցեղասպանությունը, դրանք Թուրքիայի անվերապահ աջակցությունն ունեցող գրոհայիններն են»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Վերջինիս կարծիքով, մենք՝ որպես ցեղասպանություն վերապրած ազգ, պետք է հնարավորության սահմաններում օժանդակենք մեր բարեկամ ժողովրդին, որպեսզի 21-րդ դարում չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբներին:

«Երիցս ճիշտ է այն, որ եթե դատապարտվեր Հայոց ցեղասպանությունը, ապա այսօր եզդի ժողովրդի հետ տեղի չէր ունենա այն, ինչ տեղի է ունենում: Քանի դեռ չի դատապարտվել Հայոց ցեղասպանությունը, մենք անընդհատ ականատես ենք լինելու նման դրսևորումների»,- ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը: