08-01-2014 11:34

Ես միշտ հասնում եմ իմ ուզածին. DJ Վակցինա

Նոր տարվա գիշերը յուրաքանչյուր ընտանիքում նման է հրաշքի: Մենք այն սիրում ենք նշել ընտանիքի անդամների հետ: Սակայն կան այնպիսի մարդիկ, որոնց մասնագիտությունը պարզապես թույլ չի տալիս ժամը 12-ին տանը մնալ ու Ամանորը սիրելիների հետ նշել: DJ  Վակցինան, նույն ինքը՝ Արուսիկը, Նոր տարվա գիշերը զբաղված է եղել աշխատանքով, բայց միևնույնն է, կարողացել է ընտանիքի համար ժամանակ հատկացնել ու դիմավորել Ամանորը:

Արուսիկ, շատ շատերի կարծիքով Նոր տարին կորցրել է իրական իմաստն ու հետաքրքրությունը, Ձեզ համար այն ինչպե ՞ս է անցնում:

Արուսիկ-Չեմ կարծում, որ եբևէ Նոր տարին կարող է կորցնել իմաստը: Հատկապես հայերը միշտ էլ հատուկ ձևով են պատրաստություն տեսնում ու տոնում : Իսկ ինձ համար արդեն երկար տարիներ Նոր տարին աշխատանքային լարվածությամբ է անցնում, իհարկե, ժամը 12-ին փորձում եմ ընտանիքիս հետ լինել, նշել, այնուհետև անցնում եմ աշխատանքի:

Ինչպե ՞ս դիմավորեցիք 2014թ-ը:

Արուսիկ- 12-ը դիմավորեցի տանը, ընտանիքիս հետ: Չնայած պետք է ավելի շուտ հասնեի այն վայրը, որտեղ իմ աշխատանքը պետք է սկսեի որպես DJ և միջոցառման կազմակերպիչ, բայց չէի կարող այդ րոպեները զոհել ու մեկ ժամ ուշացումով հասա Աղվերան, որտեղ ինձ էին սպասում աշխատակիցներս ու հանգստացողները: Միջոցառումը տևեց մինչև լուսաբաց, իսկ վերադարձին կորցրել էինք ճանապարհը: Երկու ժամ շարունակ մեքենայով շրջում էինք Հայաստանի անմարդաբնակ վայրերով, մի խոսքով տարին սկսվեց զվարթ ու զավեշտով լի:

Ձեր կարծիքով` ո՞ր երկրում է Նոր տարին էլ ավելի հետաքրքիր և իմաստալից անցնում:

 Արուսիկ-Վստահ եմ, որ յուրաքանչյուր երկիր ու ազգություն ունի Նոր տարին նշելու յուրօրինակ ու հետաքրքիր ձև: Ես մի շարք եվրոպական երկրներում եմ եղել այդ օրերին ու գիտեմ թե ինչ գեղեցիկ է անցնում Ամանորը, ցավոք աշխատանքս մշտապես թույլ չի տվել Նոր տարին Հայաստանի սահմաններից դուրս նշել:

 Նոր տարվա գիշերը սպասում եք ինչ-որ անակնկալի կամ  հրաշքի:

Արուսիկ-ռեալիստ եմ, բայց միշտ պահում եմ երազանք: Անակնկալներ միշտ էլ լինում են նվերների կամ անակնկալ այցելությունների ձևով:

 Ձմեռ պապին հավատացե՞լ եք:

Արուսիկ-Այո, ինչպես բոլոր երեխաներն, այնպես էլ ես հավատացել եմ: Ամենասիրած նվերը, որ ստացել եմ՝ խաղալիք եղնիկն էր, որ ինձնից երկու անգամ բոյով էր:

Երբ բացահայտեցիք պապի գաղտնիքը ի՞նչ զգացիք:

Արուսիկ- Այդ բացահայտման համար մի քանի տարի պահանջվեց: Ես ամեն կերպ փորձում էի բռնացնել Ձմեռ պապին, այդ տարիների հետ մեկտեղ մեծանում էի և ես, երբ իրականությունը իմացա, ասեմ որ մեծ սթրես տարա: Ծնողներս շատ լավ կարողանում էին դասավորել իրավիճակը և դժվար էր գուշակել ճիշտն ու սխալը:

 Համամիտ եք այն կարծիքին, որ հայերն էլ ավելի մեծ հաճույքով Նոր տարին են նշում, քան Սուրբ Ծնունդը:

Արուսիկ- Կարծում եմ այդպես է:

Նշե՞լ եք Սուրբ Ծնունդը:

Արուսիկ-Յուրաքանչյուր ընտանիքում նշում են և Ամանորը և Սուրբ Ծնունդը, մենք ևս բացառություն չէինք:

 2013-ում ունեցել եք ձեռքբերումներ և հիասթափություններ:

Արուսիկ- Յուրաքանչյուր տարում էլ մարդիկ ունենում են ձեռքբերումներ ու հիասթափություններ: Դրանք շատ են ու կյանքին բնորոշ բնական վիճակ է: Երբևէ չեմ ֆիքսել վերջիններս, միայն ամենակարևորներն են մնում հիշողությանս մեջ:

 2014-ից ի՞նչ սպասելիքներ ունեք:

Արուսիկ-Նոր ու հետաքրքիր նախագծեր կան, սպասելիքներս աշխատանքային են: 2014-ին կշարունակեմ նաև երկրորդ մասնագիտությունս, որը 2013-ին էի սկսել: Սպասելիքներս կապված են նաև մարդկանց հետ, ովքեր կմիանան  նախագծերիս ու կշարունակեն մնալ համախոհ:

Բնականաբար, ամեն տարի Նոր տարին իր հետ հույսեր և երազանքներ է բերում, ունեցե՞լ եք այնպիսի նպատակ կամ ցանկություն, որ և ոչ մի տարում չի իրականացել, հուսալքվել եք:

Արուսիկ- Նման բան չի եղել: Ասեմ, որ ես միշտ հասնում եմ իմ նպատակներին:

Հնարավո՞ր է, որ Ձեզ տեսնենք այլ ոլորտում, կամ ինչ-որ տեսահոլովակում:

Արուսիկ-Ես աշխատում եմ մոտ հինգ տեղում և ժամանակս չի բավարարի ևս մեկին: Իսկ տեսահոլովակ հնարավոր է լինի, բայց հաստատ այն տեսահոլովակը չի լինի ինչ դուք եք կարծում:

Ձեր մաղթանքը հայ հասարակությանը…

Արուսիկ- Բեկումնային տարի եմ մաղթում, որը հիմք կլինի ավելի ապահով ու երջանիկ կյանքի  համար: