Բավ է պառակտվել
29-07-2016 13:27

Երիցյանը շնորհակալություն է հայտնում Ռուսաստանի ԱԻՆ–ի ղեկավարին

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը շնորհակալական նամակ է հղել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուչկովին հունիսի վերջին ռուս-վրացական սահմանին գրանցված սելավի պատճառով արգելափակված ՀՀ քաղաքացիներին տարհանելու հարցում օգնելու համար։

«Հայաստանի և Ռուսաստանի նախարարությունների համատեղ ջանքերով մեծ աշխատանք է կատարվեց արտակարգ իրավիճակում հայտնված ՀՀ 286 քաղաքացու Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռներով Վլադիկավկազից Երևան տարհանելու համար», — հայտնում է ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունը` ներկայացնելով հայ նախարարի շնորհակալական նամակը։

Երիցյանը նշել է, որ այս մարդասիրական գործողության իրականացումն ակներև ցույց տվեց Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների բարօրության համար գերատեսչությունների գործակցության մակարդակի խորացման անհրաժեշտությունը, ինչպես նաև Ռուսաստանի ԱԻՆ-ի` վտանգի մեջ հայտնված բնակիչներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը։

«Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում փոխգործակցության և հաջող համագործակցության համար։ Անկեղծ շնորհակալ եմ», — նշված է հայ նախարարի նամակում։ Նա կարևորել է Ռուսաստանի ԱԻՆ գլխավոր վարչության, ինչպես նաև ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կազմակերպված և օպերատիվ աշխատանքը։

Վրաստանի Դարիալի կիրճում Դևդորակ սառցադաշտի շրջանում հունիսի 23-ին խոշոր սելավային հոսքեր էին եղել` քարերով կեղտաջրերը փակել էին Թերեք գետի հունը։ Գետը քանդել էր ՌԴ սահման տանող ռազմավրացական ճանապարհի մի հատվածը։ Միջադեպի հետևանքով արգելափակման մեջ էր հայտնվել 200 բեռնատար, 40 մարդատար ավտոմեքենա և ՀՀ 225 քաղաքացի։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմել էր ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևին` խնդրելով օգնել արգելափակման մեջ հայտնված անձանց։ ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովին հանձնարարվել էր օպերատիվ կերպով ապահովել ՀՀ քաղաքացիների տեղափոխումը։

Ռուսաստանի ԱԻՆ գլխավոր վարչությունը մարդկանց ապահովել էր սննդով և հանգստի համար նախատեսված վրաններով։ ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը մեկ օրվա ընթացքում չորս չվերթ էր իրականացրել Երևանի ուղղությամբ և հայրենիք տեղափոխել ՀՀ քաղաքացիներին։