Բավ է պառակտվել
14-04-2014 16:40

Հենաշարժողական խնդիրներով անձանց համար 40 օբյեկտների մուտքերը ներկառուցվել են թեքահարթակներով

Տարոն Մարգարյանը հանձնարարել է 2014 թվականի կապիտալ վերանորոգման ենթակա փողոցների ցանկը նախապես տրամադրել «Երևան Ջուր», «Երևան գազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին՝ իրենց տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքները նախքան քաղաքապետարանի կողմից ասֆալտապատման ծրագրերի մեկնարկը կազմակերպելու և իրականացնելու համար: Նախկինում կառուցված օբյեկտների մուտքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հարմարեցնելու նպատակով սեփականատերերի կողմից թեքահարթակների կառուցման աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ գույքագրումից և մասնավոր կառույցների հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո արդեն իսկ 40 օբյեկտների մուտքերը ներկառուցվել են թեքահարթակներով: Աշխատանքներում ակտիվորեն ներգրավված են նաև շահառու կազմակերպությունները: 

Անդրադառնալով քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների և քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ ներկայացվող եռամսյակային հաշվետվություններին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ պետք է մանրամասնորեն ներկայացվեն հաշվետվու ժամանակահատվածում կատարված աշխատանքների հաշվետվությունն ու ըստ այդմ նաև խիստ հսկողություն սահմանել ծրագրված աշխատանքները ողջ ծավալով իրականացնելու ուղղությամբ: «Համայնքային բյուջեից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեության նկատմամբ մենք պարտավոր ենք խիստ հսկողություն սահմանել, ու հատկապես խստորեն վերահսկել ֆինանսական մուտքերն և ծախսերը, որպեսզի հասկանալի լինի, թե որքանո°վ են կարողանում ապահովել տարեկան նախանշված ցուցանիշները: Մեզ համար պարզապես անընդունելի է, երբ համայնքային բյուջեից գումարներ ենք հատկացնում այս կամ այն ոլորտում նախատեսված աշխատանքների իրականացման համար, սակայն տարեվերջին որոշ կազմակերպություններ հաշվետվություններ են ներկայացնում, որ պարտքեր ունեն: Մինչդեռ ունենք նաև կազմակերպություններ, որոնք ոչ միայն պարտքեր չեն կուտակում, այլև կարողանում են տարին փակել որոշակի տնտեսումներով: Եվ հատկապես այս տեսանկյունից մենք պետք է լրջորեն ուսումանասիրենք մեր ենթակայության այն կառույցների աշխատանքը, որոնք պարտքեր են կուտակում, և փորձենք հասկանալ, թե ինչի արդյունք է այն: Ըստ այդմ, պետք է վերլուծենք տվյալ կառույցներում իրականացվող աշխատանքի արդյունավետությունն ու անհրաժեշտության դեպքում նաև վերանայենք տվյալ աշխատանքների պատասխանատուների հետ աշխատանքը շարունակելու նպատակահարմարությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Իսակով-Լենինգրադյան նոր կառուցվող ավտոճանապարհի հարակից տարածքների կանաչապատման աշխատանքների մասով քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է այդ աշխատանքներում ներգրավել վարչական բոլոր շրջանների կանաչապատման ձեռնարկությունները և աշխատանքներն ավարտել սահմանված ժամկետում: Նախկին թիվ 2 շուկային հարակից մսամթերքի վաճառքի տաղավարների տարածքում պատշաճ սանիտարական վիճակի ապահովման նպատակով քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՀՀ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության տեսչության հետ համատեղ կազմակերպել ու իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ: Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են Արաբկիր, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջաններում շախմատի դպրոցների ստեղծման աշխատանքները: Այդ նպատակով ամբողջությամբ պատրաստ են նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը: Որոշ տեղերում արդեն մեկնարկել են շինարարական բուն աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները կազմակերպել այնպես, որ նոր ուսումնական տարվան՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ, դրանք ավարտված լինեն, և երեխաները հնարավորություն ունենան հաճախելու շախմատի դպրոցներ: Խորհրդակցության ավարտին շարունակվել է ըստ ոլորտների քաղաքապետարանի կառուցվածքային որոշ ստորաբաժանումների 2014 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների հաշվետվությունների ներկայացումը: Քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը մասնավորապես ներկայացրել է առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի, ինչպես նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի ու առաջին և զորակոչային հարցերի կազմակերպման բաժնի կողմից իրականացված աշխատանքների հաշվետվությունը: Այնուհետ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը ներկայացրել է քաղաքաշինության ոլորտում իրականացված աշխատանքների հաշվետվությունները:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական, անշարժ գույքի կառավարման, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունների պետերն էլ ներկայացրել են իրենց կողմից համակարգվող ոլորտներում այս տարվա առաջին եռամսյակում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
Ներկայացված բոլոր հաշվետվություններն ընդունվել են ի գիտություն:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն