11-04-2016 09:36

Ադրբեջանը գիշերը կրակ է բացել Հայաստանի և ԼՂՀ–ի ուղղությամբ

Ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմը 17 անգամ կրակահերթ է արձակել հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում

Հայ դիրքապահների ուղղությամբ կիրառվել են հրաձգային, այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ և ականանանետեր: Ադրբեջանական կողմից արձակված կրակահերթերը հիմնականում կրել են անկանոն բնույթ, news.gisher.ru-ին  հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը»,- ասված է հաղորդագրությունում:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից ստացված օպերատիվ տեղեկատվության համաձայն` ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի որոշ հատվածներում հակառակորդը խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ կիրառելով հրաձգային և ականանետային զինատեսակներ: Մասնավորապես` հարավային և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա կրակոցներ են արձակվել 60 մմ ականանետից (2 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (14 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ապրիլի 11-ին ադրբեջանական կողմին հնարավորություն կտրվի շփման գծում շարունակել դիակների որոնման աշխատանքների իրականացումը:
Առայժմ շարունակում է մնալ անհայտ ՊԲ-ի մեկ զինծառայողի ճակատագիր, և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ, աշխատանքներ են տարվում նրա ճակատագիրը պարզելու համար: