Բավ է պառակտվել
03-05-2016 14:24

Հայաստանում զորահավաք չի անցկացվում. Արծրուն Հովհաննիսյան

Հայաստանում զորահավաք չի անցկացվում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով տարածված լուրերին, որ օրերս Հայաստանում զորահավաք է սկսվելու:

«Նման բան չի կարող լինել: Ես հերքում եմ: Խնդրում եմ, քիչ օգտագործեք տեղեկություններ տարածելու բնույթը, իսպառ վերացրեք: Եթե զորահավաքի մասին որևէ որոշում կայացվի, կլինի համապատասխան հայտարարություն»,- նշեց Հովհաննիսյանը:

Հարցին՝ արդյոք որևէ բան արվո՞ւմ է այն կամավորականների հետ կապված, ում աշխատանքից ազատել են սահման մեկնելու պատճառով, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ դա բարոյական չէ: «Միգուցե օրենքով կա նման իրավունք, բայց դա բարոյական չէ… Ամեն դեպքում չեմ կարծում, որ որևէ ընկերությունից տասը հոգի գնացել են կամավոր: Դա այն թիվը չէ, այն գումարը չէ, որ որևէ ընկերություն այս մի ամսվա համար չի կարող իրենց աշխատավարձը տալ»,- նշեց խոսնակը՝ համաձայնելով, որ հարցին պետական լուծում է անհրաժեշտ, որ գործատուն էլ չտուժի:

Ինչ վերաբերում է հայ զինվորին գլխատած ադրբեջանցի զինվորին հերոսացնելու մասին լուրերին, Հովհաննիսյանն ասաց, որ վերջնական պնդել չի կարող՝ արդյոք դա նույն անձնն է, թե ոչ: «Իմ նախնական դիտարկումներից կարող եմ ասել, որ ամենայն հավանականությամբ ինքն է: Բայց դեռ պետք է աշխատել»,- հավելեց նա: