Բավ է պառակտվել
08-05-2015 11:27

Էրդողանը գիտնականների հետ քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը

Նախօրեին կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և թուրք մասնագետների, պատմաբանների ու գիտնականների հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են Հայոց ցեղասպանության հարցը և Դարդանելի (Գալիպոլի) ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումները։ Թուրքական պատմագիտական ընկերության (TTK) նախագահ Ռեֆիք Թուրանը հանդիպումից հետո լրագրողներին տված հարցազրույցում, մասնավորապես, նշել է. «Ե՛վ գիտական, և՛ քարոզչական, և՛ պատմական, և՛ քաղաքական հարցերում պետք է միասին առաջ շարժվենք, մենք պետք է համաձայնեցնենք մեր քայլերը»։ Էրդողանի հրավերով հանդիպմանը ներկա է գտնվել և Հայոց ցեղասպանության հարցի շուրջ քննարկումներին մասնակցել է ամերիկացի գիտնական, հայտնի օսմանագետ Հիթ Լոուրին։ Հավելենք, որ բացի վերոնշյալ թեմաներից՝ քննարկվել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Երևանում անցկացված միջոցառումները, ինչպես նաև Մեծ եղեռնի վերաբերյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթները։